Նրան փորձում էին հետ պահել. անզիջում էր. 25 տարի առաջ զոհվեց ազատամարտիկ Վաչե Ռոստոմյանը

25 տարի անց ընկերների նախաձեռնությամբ դպրոցի բակում բացվել է ազատամարտիկի կիսանդրին:

Քարտեզ, խոշորացույց, դպրոցական լուսանկարներ, զինվորական գրքույկ, փամփուշտներ… Վաչե Ռոստոմյանի անձնական իրերը ընտանիքը մի քանի ժամով միայն հանձնել է ազատամարտիկի անունը կրող դպրոցին: Արդեն 25 տարի Վաչեի անվան հետ կապված ամեն հուշ Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում սրբությամբ են պահում:

«Նրա քարերը, որ ինքն անձամբ հավաքել է որպես երկրաբան, նրա մարտական զենքի փամփուշտները, որոնցով կրակել է, նրա մեդալները, քարտեզը, որովհետեւ նաեւ շատ լավ քարտեզագրող էր»,- նշեց Վաչե Ռոստոմյանի զարմուհին Շուշան Շուշնյանը:

1991-ի դեկտեմբերի 16-ին Հասանաբադում Վաչեի զոհվելու լուրը հասավ գյուղ: 25 տարի անց ընկերների նախաձեռնությամբ դպրոցի բակում բացվել է ազատամարտիկի կիսանդրին: Որդու հիշատակին առաջին ծաղիկները խոնարհում է մայրը: Հիշում է՝ Վաչեին փորձում էր հետ պահել. անզիջում էր:

«Ասեցի կգնա, ինձ ջուրը կգցեմ, ասեց՝ ոչ մի նշանակություն չունի, մայրիկ ինձ հասկացի, ես պիտի գնամ»,- նշեց Վաչեի մայրը՝ Օֆիկ Ռոստոմյանը:

Վաչեն մասնագիտությամբ երկրաբան էր, բայց Ղարաբաղ մեկնեց որպես լրագրող: Հրաչյա Ինջիղուլյանը Վաչեի դպրոցական, հետո նաեւ մարտական ընկերն էր: Ասում է՝ դաշնակցությանն անդամագրվելու ու Արցախ մեկնելու որոշումը Վաչեինն էր: Ինքը, ինչպես միշտ, այս անգամ էլ վստահեց ու հետեւեց ընկերոջը:

«Նա ցանկացած պահի կարող էր ընդունել որոշում, որը կարող էր լինել վերջնական ու ամենալավը: Այն մարդն էր, որ իր կյանքը կտար եւ տվեց իր ընկերների համար»,- պատմում է նրա մարտական ընկեր Հրաչյա Ինջիղուլյանը:

25 տարի Վաչեի, նրա կուսակցական ու մարտական ընկերներ Վարդան Բախշյանի ու Գագիկ Գրիգորյանի անունները նշում են միասին: Նրանք միասին էին ճակատագրական վերջին մարտում՝ Հասանաբադ գյուղի մոտ: 1988-ի փետրվարին այս երիտասարդներն առաջիններից էին, որ Արցախի անկախության կոչերով դուրս ելան Երեւանի փողոցներ: Վարդանը «Դաշինք» ուսանողական շարժման ու համանուն թերթի հիմնադիրներից էր: Նրա ջանքերով Հայաստանում գործունեությունն էր վերսկսել սկաուտական շարժումը: 1991-ին Աթենքից, ուր մեկնել էր Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության պատգամավորական ժողովի, ընկերոջը նամակ է գրում.

«Այսօրվա պարապ ու անհանգիստ վիճակովս զարհուրանքի մեջ եմ` կարո՞ղ ես երեւակայել` Գետաշենում կռիվ է, ուզում եմ գնալ, բայց դրանից զրկված եմ: Մարդ պիտի զբաղվի նրանով, ինչով ապրում է»: Արցախ վերադառնալով` Վարդանը նորից գտավ ապրելու իմաստը:

«Դու ինձ համար լաց չլինես, իմ արյունն ավելի կարմիր չէ, քան՝ մյուսներինը». 20-ամյա Գագիկ Գրիգորյանն այսպես էր հրաժեշտ տվել մորը, բայց նաեւ խոստացել էր. «պատերազմից հետո 7 օր 7 գիշեր հարսանիք եմ անելու: Հարսանիքը սկսելու ենք Չափար գյուղից ՝ հայրիկի ծննդավայրից, հետո այն կշարունակենք քո ծննդավայր Գորիսում, որտեղից էլ կգնանք Տաթեւ։ Հետո սուրբ քաղաք Էջմիածնում կավարտենք հարսանյաց հանդեսը։ Կտեսնես, մամ ջան, այդպես է լինելու, քիչ մնաց մեր հաղթանակին, մենք այս անգամ անպայման հաղթելու ենք»։

1991-ի դեկտեմբերի 16-ին Արթուր Ղարիբյանը խրամատում ծննդյան տարեդարձն էր տոնում, երբ հայտնեցին` Հասանաբադում հետախուզական հանձնարարության մեկնած ընկերները՝ Վարդանը, Գագիկը, Վաչեն զոհվել են: Լուրը խոցեց, բայց խնդրեց ծննդյան առթիվ մի բաժակ խմել: 26-րդն Արթուրի վերջին տարեդարձն էր:

 

*

*