Կրկին բողոքի ակցիա՝ ընդդեմ տարկետման իրավունքի վերացման

Մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Կրթության եւ գիտության նախարարության շենք
usanoxner-cuycik

Այսօր ժամը 14:00-ից ԵՊՀ գրադարանի մոտ կրկին ուսանողներ էին հավաքվել։ Հիշեցնենք, որ նրանք բողոքում են Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագծի դեմ:

Օրենսդրական այս նախաձեռնությամբ տարկետում կստանան միայն Հայաստանի բուհերում կրթություն ստացող այն քաղաքացիները, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն քաղաքացիաիրավական պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումն ավարտելուց հետո նախարարության նշած վայրում ու պայմաններով ծառայելու դեպքում։

Ուսանողները, շեշտելով, որ բանակը զինվորների կարիքն ունի, այդուհանդերձ պնդում են, որ այս պահին ԵՊՀ բակալավրիատներում և մագիստրատուրաներում տարկետման իրավունքից կզրկվեն ընդամենը 140 մարդ: Նրանք նաև նշում են, որ բանակից վերադառնալուց հետո երիտասարդները կամ դժվարությամբ են շարունակում ուսումը, կամ էլ կիսատ են թողնում:

Ակցիան կրում է «Հանուն գիտության զարգացման» անվանումը:

Ակցիայի մասնակիցները քիչ առաջ որոշեցին երթով շարժվել դեպի Կրթության եւ գիտության նախարարության շենք եւ այնտեղ բարձրաձայնել հավանական օրենքի հետ իրենց անհամաձայնության մասին։

*

*