Էներգետիկայի ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների կենտրոն՝ Երևանում

«Բիզնեսը մտնում է համալսարան, ստեղծում իր պայմանները և ձևավորում պատվերը»
laboratoria

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող «Կասկադ» հոլդինգի կողմից ստեղծված նորարարական կենտրոնի բացումը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Մի քանի ամիս առաջ մենք աշխարհահռչակ ֆրանսիական Schneider Electric ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի և մեր համալսարանի համատեղ ջանքերով բացեցինք առաջին գերազանցության կենտրոնը: Այսօր մենք բացում ենք երկրորդ նման կենտրոնը: Այս կենտրոններում համալսարանի ուսանողների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զարգացնելու հմտությունները և ծանոթանալու էներգետիկայի և ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին»,- ընդգծեց Ո. Մարուխյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ շատ կարևոր է Հայաստանում կրթություն-գիտություն-բիզնես եռանկյունու հստակ աշխատանքի համար հիմքերի ձևավորումը: «Ուսանողը, բացի իր կրթությունից, պետք է ձեռք բերի գիտության ոլորտում աշխատելու որոշակի հմտություններ: Սա իսկապես լավ փորձ է, երբ բիզնեսը մտնում է համալսարան, ստեղծում է իր պայմանները և ձևավորում պատվերը: Սրանով ուսանողները կհասկանան, որ ավարտելուց հետո կունենան աշխատանք համապատասխան ոլորտում»,- նշեց նախարարը:

«Կասկադ» հոլդինգի ղեկավար Սերգեյ Պողոսովն ընդգծեց, որ ավտոմատացման ժամանակակից համակարգերի զարգացումը չափազանց հեռանկարային ուղղություն է էներգետիկ ոլորտի համար։ «Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի շնորհիվ կկարողանանք ոչ միայն ապագա մասնագետների պատրաստել, այլ նաև նոր հնարավորություններ ստեղծել արդեն կայացած աշխատակիցների համար»,- ասաց Պողոսովը:

Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո 2016-2017 թթ. արդյունքներով «Տաշիր» ընկերության կողմից կրթաթոշակներ տրամադրվեցին գերազանցությամբ սովորող 55 ուսանողի, ովքեր տարեկան 6 հազար դոլարին համարժեք դրամի չափով պարգև են ստանալու:

*

*