Դպրոցից փախել էին երեք ընկերներով՝ պատերազմ էին գնում, Գորիսից հետ են բերել

Դպրոցահասակ մի քանի տղաներ փախել են դպրոցից ու տնից եւ ճանապարհվել Արցախ...
arcax-dprocakanner

armtimes.com — Օրերս մեզ հայտնի դարձավ, որ դպրոցահասակ մի քանի տղաներ փախել են դպրոցից ու տնից եւ ճանապարհվել Արցախ, որտեղ ակտիվ մարտական գործողություններ էին սկսվել: Նրանք վճռել էին իրենց նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին:

Միայն թե երեխաները նախանշած վայր հասնելու հնարավորություն չեն ունեցել եւ ճանապարհից վերադարձվել են Երեւան: Երեկ պարզեցինք, որ երեքով են եղել՝ երեք ընկերներով՝ Հայկ Հովհաննիսյան, Ժորա Բադալյան եւ Բաբկեն Սիմոնյան:

Առաջին երկուսը 16 տարեկան են, Բաբկենը՝ 17: Ապրիլի 2-ին, երբ լսել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում պատերազմական իրավիճակ ստեղծվելու մասին, որոշել են՝ անպայման մեկնելու են: Մանրամասն ծրագրել են, կազմակերպել եւ օրեր անց սուս ու փուս ճամփա ընկել: Բաբկենը պատմեց, որ մինչ այդ գնացել են զինկոմիսարիատ, հայտնել, որ ցանկանում են կամավորական ջոկատներում ընդգրկվել, բայց մերժում են ստացել: Նրանց բացատրել են, որ փոքր տարիք ունեն: Դրանից հետո ընկերները որոշել են սահման հասնել պատահական ավտոմեքենաներով կամ ոտքով: Այդպես էլ արել են: Ճանապարհի մի մասն անցել են բարի մարդկանց օգնությամբ՝ նրանց ասելով, թե Գորիս են գնում, մի մասը՝ 70-80 կմ, ոտքով: Բայց դեռ Գորիս չհասած, Հայկի հայրը գտել է նրանց ու հետ բերել:

Մեզ հաջողվեց զրուցել պատանիներից միայն երկուսի հետ՝ Հայկի ու Բաբկենի: Երկուսն էլ բավական քչախոս էին, իրենց քաջագործությունների մասին պատմելու գործը մեկը մյուսի վրա էր գցում: Ասում էին՝ նախընտրում են գործ անել: Հաստատում էին, որ լավ պատկերացրել են, թե ինչ է իրենց սպասվում, բայց եւ համոզմունք ունեն, որ հայրենիքի պաշտպանության գործը բոլորինն է: Հայկի փոխանցմամբ, իրենց՝ երեք ընկերներին, հաջորդ օրը միանալու էին ավելի քան տասը:

«Մյուսները հաջորդ օրը պիտի գային, բայց որ զինադադար եղավ, չեկան: Մեր գնալու օրը ասացին՝ դեռ պատրաստ չենք եւ այլն, եւ այլն, ասի՝ յոթ օր ա, ասում եք՝ պատրաստվում ենք: Ու էդպես միանգամից եկա տուն, բան վերցրի հետս, գնացինք»,- մանրամասնեց նա:

Մայրը՝ տիկին Աննան, որ ներկա էր մեր զրույցին, հավելեց.

«Ճանապարհին զանգել եմ, ասում է՝ մենք առաջին գիծ չենք գնում: Գիտենք, որ թույլ չեն տա, բայց գոնե չորրորդ գծում կարտոֆիլ կմաքրենք, առաջին գծում կանգնածների համար ճաշ կեփենք: Ասացի՝ խնդրում եմ, Երեւանում բազմաթիվ ակցիաներ կան, մասնակցեք այդ ակցիաներին, օգնեք զինվորներին ինչ-որ բաներ ուղարկել, տե՛ս, այդքան սիգարետները, այդքան քաղցրավենիքը հավաքեցիք, ուղարկեցիք: Շարունակեք այդ ակցիաները, ավելի օգնած կլինեք: Իսկ այնտեղ խանգարելու եք»:

Մայրը հպարտանում է որդով, բայց եւ նշում, որ նրա հայրենասիրությունը մի քիչ վախեցնող է: Ասում էր, որ շատ անգամներ են արտերկրում բնակության մեկնելու հնարավորություն ունեցել, բայց Հայկի համար դա արգելված թեմա է ի սկզբանե:

Հարցին, թե ինչ մասնագետ է որոշել դառնալ, Հայկը կատակով է պատասխանում. «Ես ինչ գիտեմ: Պսակվենք՝ կիմանանք»:

Շարունակությունն՝ այստեղ

*

*