Տավուշի գյուղերից շատերը հակառակորդի նշանառության տակ են. Լոքյանը ծանոթացել է մարզի խնդիրներին — Երկիր Մեդիա

Տավուշի գյուղերից շատերը հակառակորդի նշանառության տակ են. Լոքյանը ծանոթացել է մարզի խնդիրներին

Տավուշի մարզի բնակիչների համար պետք է աշխատելու նոր պայմաններ ստեղծել՝ վստահ է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Տարվա մեջ առնվազն մի քանի անգամ Բաղանիսի համայնքապետարանի պատուհաններից մեկով անցնում է ադրբեջանական կողմից արձակած գնդակը, բայց դա համայնքի երիտասարդ ղեկավարին այնքան էլ չի մտահոգում: Ապակին կփոխեն, ամեն ինչ տեղը կընկնի, ավելի կարեւոր հարցեր կան:

Հակառակորդի նշանառության տակ են գտնվում նաեւ Բաղանիսի մշակելի հողատարածքների մեծ մասը: Աշխատելու, հող մշակելու ցանկությունը մեծ է, բայց աշխատանքային գործիքները վերցնել եւ դաշտ շտապել չեն համարձակվում: Տավուշի մարզի բնակիչների համար պետք է աշխատելու նոր պայմաններ ստեղծել՝ վստահ է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Հեռանկարային է համարում այստեղ հիմնել մրգերի, հատապտուղների հավաքակայաններ, փաթեթավորման փոքրիկ արտադրամասեր: Մարզի անտառներից հավաքած բերքն ու բարիքը եթե իրացնեն, Տավուշի բնակիչները խնդիր չեն ունենա:

Առաջարկը Բաղանիսում միաձայն կընդունվի՝ վստահ է Նարեկ Սահակյանը:

593՝ մոտավորապես այսքան բնակիչ ունի Տավուշի մարզի Ջուջեւան գյուղը: Այստեղ աշխատատեղեր ստեղծելու առաջին քայլն արդեն արել են: Գյուղի արտադրամասում պատրաստված պահածոները տեղական սպառում չունեն: Տավուշի բերքն ու բարիքի համը հեռավոր Գերմանիա, Ռուսաստան է հասել:

Նախարարը խոստացել է՝ առաջիկայում այս արտադրամաս նոր հոսքագծեր բերելու եւ աշխատանքային պայմանները լավացնելու հարցը գործադիրում է քննարկելու:

5000 բնակիչ ունեցող Բերդավան համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկ ջրի խնդիրն է: Բերդավանի տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծելու եւ ջրի խնդրի հարցերը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը եւ Տավուշի մարզպետը համայնքի ղեկավարի հետ են քննարկում: Պետք է այս բնակավայրերի համար եկամտաբեր ծրագրեր մշակել՝ Դավիթ Լոքյանի համոզմունքն է:

Դովեղցի Ռիմա տատը ցույց է տալիս այն ուղղությունը, որտեղից հակառակորդն ամենաշատն է կրակում: Իրենք էլ այս հողը մշակելով, այստեղ ապրելով են պատասխանում: Դովեղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, ջուր լինի՝ հող էլ կմշակեն: Ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչն է դովեղցիներին մտահոգում, Դավիթ Լոքյանը բնակիչներից է ճշտել:

«Փորձելու ենք տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները գյուղ առ գյուղ զարգացնել եւ այդ ուղղությամբ տանել առաջիկա ներդրումային քաղաքակությունը»,- վստահեցրել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը:

Օգնելու եւ տարբերակներ առաջարկելու հարցում պատրաստակամ է նաեւ Տավուշի մարզպետը: Անասնապահություն, հատապտուղների ու մրգերի պահածոյացում՝ սա տարբերակներից մեկն է: Հնարարավորություն լինի՝ մարզում սնկի արտադրություն էլ կսկսեն:

Առանձին մի քանի համայնքներ այցելելուց հետո Դավիթ Լոքյանն ընդլայնված կազմով եւ հագեցած օրակարգով հանդիպել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարների հետ: Նախարարն առաջարկել է համայնքապետերին եկամտաբեր ծրագրեր մշակել այս սահմանպահ բնակավայրերի զարգացման համար:

*

*