Տուրիզմի ոլորտում փորձի փոխանակման համար Հայաստան են եկել մասնագետներ՝ ավելի քան 15 երկրներից

«Մեր երկիրն այս ոլորտում մրցունակ է, եւ պետք է պայմաններ ստեղծել ավագույն մասնագետների համար»,- նշեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը:
turizm

Զբոսաշրջային կրթության ոլորտում փորձի փոխանակման եւ խնդիրները քննարկելու նպատակով Հայաստանը հյուրընկալել է ոլորտի մասնագետների՝ ավելի քան 15 երկրներից: Մատենադարանում մեկնարկել է «Եվրոդիպ»-ի միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը: Հիմքում որակյալ կադրերի պատրաստման խնդիրն է:

Հայաստանն արդեն 10 տարի անդամակցում է Եվրամիության հովանու ներքո գործող այս հեղինակավոր ցանցին, որի կազմում 40 երկիր եւ 100-ից ավելի կրթական հաստատություններ են: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորն ասել է, որ մեր երկիրն այս ոլորտում մրցունակ է, եւ պետք է պայմաններ ստեղծել, որ լավագույն մասնագետները չլքեն Հայաստանը: Կրթության եւ գիտության նախարարը նշել է, որ իրենց համար կարեւոր խնդիր է՝ տուրիզմի ոլորտում կրթական տեխնոլոգիաները եւ որակը տարածել ամբողջ հանրապետությունում:

«Փորձելու ենք խրախուսել այն բուհերին, որոնք իրենց մոտ կդնեն կոնկրետ տուրիզմին աջակցող ծրագրեր: Կլինեն դրանք թարգմանչական փոքրիկ լաբորատորիաներ, թե հյուրանոցատիպ փոքրիկ մոդելներ ստիմուլիացիոն, թե սպասարկման ոլորտի օժանդակող ծրագրեր, դա իսկապես շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանի համար տուրիզմը գերակա ուղղություն է»,- նշել է Լեւոն Մկրտչյանը:

«Եվորդիպ»-ն այնուհետեւ ամբողջ աշխարհով կտարածի, թե այստեղ կրթական ծրագրերը բարելավելու համար գործնական ինչ կարեւորագույն որոշումներ կայացվեցին: Իսկ մեզ համար դա շատ կարեւոր է՝ նոր կադրեր, սերնդափոխություն կատարել եւ նորովի աշխարհին ներկայանալ»,- ընդգծել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:

*

*