Թումանյան փողոցի մայթից կհեռացվեն սրճարանները

Թումանյան փողոցի բացօթյա սրճարանների գործունեությունն այլևս չի խոչընդոտի հետիոտնի անցուդարձը
tumanyan-mayt

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչությունները, հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների աջակցությամբ հուլիսի 11-ին  նախաձեռնել են մայրաքաղաքի Թումանյան փողոցի` Հյուսիսային պողոտայի հատման մասից մինչև Աբովյան փողոցի հատման մասն ընկած հատվածում առկա բացօթյա սրճարանների սահմանազատման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայթի կեսից ավելին սրճարանների սեղան-աթոռներով կամ առևտրի օբյեկտների սառնարաններով զբաղեցված հատվածներում իրականացվում են տարածքները  կարգի բերելու աշխատանքներ:

Սրճարանների և առևտրի օբյեկտների գույքը տեղափոխվում է հատկացված տարածքներ, քանդվում են ծածկերը, մայթերն էլ ազատվում են՝ հետիոտնի անարգել անցուդարձն ապահովելու համար:

«Այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կիրառվելու են բոլոր այն վայրերում, որտեղ սեզոնային սրճարաններն ու հասարակական սննդի օբյեկտները շահագործող տնտեսվարողները գերազանցել են իրենց գործունեությունը կազմակերպելու համար քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքները»,-նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

*

*