Երեւանում եւս մեկ շենք է քանդվում. Թումանյան 25-ի բնակիչները կպայքարեն մինչեւ վերջ

Թումանյան եւ Կողբացի փողոցների հատման մասում նախատեսվում է կառուցել միջին հարկայնությամբ հյուրանոց։

Հասմիկ Հակոբյանը Երեւանում՝ Թումանյան 25-ում է ծնվել ու մինչեւ հիմա չի հեռացել: Ընդամենն 8 բնակարան ունեցող շենքում բնակիչները տարիներ շարունակ հաշտ ու համերաշխ են ապրել, իրար օգնել են. երեխա են պահել, իրար համար ճաշ պատրաստել: Մինչեւ հիմա էլ մտերմությունը շարունակվում է: Հրաժարվում են կտրվել իրենց տներից միայն այն պատճառով, որ շինարարական մի ընկերություն ցանկություն ունի այստեղ հյուրանոց կառուցել:

«Մենք մի ընտանիք ենք եղել, իրար շատ սիրել ենք ու ցանկանում ենք մեկ մարդու նման պայքարել, որ մեզ հարգեն, հաշվի նստեն մեզ հետ: Ոչ թե մեզ հետ վարվեն շնիկների նման, հանեն, շպրտեն դուրս, ասեն, էս տարածքն ինձ պետք է: Մեզ ավելի շատ է պետք»,- ասաց Հասմիկը։

Բնակիչները դեռ անցյալ տարի ծանուցում են ստացել քաղաքապետարանից, որ սկսում են սեփականության օտարման գործընթաց եւ նախատեսում են շենքը տրամադրել «Ռենշին» ընկերությանը: Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է Թումանյան եւ Եզնիկ Կողբացի փողոցների հատման մասում կառուցել միջին հարկայնությամբ, 80 համարով, հյուրանոցային համալիր: Ի՞նչ է լինելու բնակիչների հետ, արդյո՞ք կստանան փոխհատուցում, որեւէ հարց քննարկված չէ:

«Մեզ ոչ ոք ոչինչ չի ասել, մեզ հետ ոչ ոք չի խոսել: Փաստոր ինչ-որ մի սեփականատեր ուզում է լուծել 8 ընտանիքի ճակատագիրը, ինչին մենք դեմք ենք»,- ասաց Հասմիկը։

1952 թվականից մինչ այսօր շենքում Սեդա Զաքարյանի ընտանիքի 3-րդ, 4-րդ սերունդն է մեծանում: Ամուսինները բնակարան են ստացել որպես այն ժամանակվա Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ, առաջին բնակիչներից էին: Հիմա չի էլ պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է պարտադրաբար լքի իր բնակարանը եւ ի՞նչ է լինելու ընտանիքների հետ:

«Այստեղ երեք տղա եմ մեծացրել, բանակ եմ ճանապարհել, հիմա իմ ընտանքիները քանդեմ, թե ինչ է, գնամ… կամ ինչի՞ պետք է իմ հարեւանությունից ես կտրվեմ»,- ասում է Սեդա Զաքարյանը։

Բացառիկ գերակա շահ ճանաչվելու մասին նախագիծ քաղաքապետարանը դեռեւս կառավարություն չի ներկայացրել: Ամեն դեպքում, կառավարության որոշում այդ մասին չկա: Սակայն պարզվում է՝ գործադիրը միջնորդել է քաղաքապետարանին՝ սեփականության պայմանագիր կնքել «Ռենշին» ընկերության հետ: Բնակիչներին քաղաքապետարանից պատասխանել են, որ շենքը բարվոք վիճակում չէ եւ փողոցների ընդհանուր տեսքին չի համապատասխանում:

«Իրենց գործն է՝ ուզում են բիզնես անեն, թող անեն, իրենց ոչ ոք չի խանգարում: Տարօրինակը մեր կառավարության եւ քաղաքապետարանի դիրքորոշումն է՝ քաղաքացիներին տեղահանել ինչ-որ մեկ-երկու հոգու շահերի համար»,- ասում է Թումանյան 25 շենքի բնակիչներից Դավիթ Եղիազարյանը։

«Ռենշինը» զբաղեցրել է շենքի առաջին հարկը, սակայն այն, բնակիչների խոսքով, չի օգտագործում: Բացի դրանից, կա նաեւ նկուղային հարկ:

Շենքի նկուղում կան տարբեր հաստատություններ, որոնցից 2 պատկանում են շենքի բնակիչներին, նրանց եկամտի աղբյուրն են: Եվ տեղահանվելու դեպքում նշանակում է, որ ոչ միայն իրենց բնակարաններից են զրկվում, այլեւ իրենց եկամտից, որով ընտանիք են պահում:

Բնակիչները ձեռքները ծալած նստել չեն պատրաստվում, գնալու են իրավական բոլոր ատյաններ: Իսկ մինչ այդ Երեւանի կենտրոնի եւս մի շենքի պատշգամբին փակցվեց այն փրկելու կոչով պաստառ:

*

*