Նոր հնարավորություն՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար

Օրենքը կգործի մինչեւ 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ը
karine-achemyan

Ազգային ժողովում քննարկման դրված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով առաջարկվում է երկարացնել օրենքի գործողության ժամկետը:

Օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում վճարել օրենքով սահմանված համապատասխան վճարը, ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ հայրենիք:

Նախագծի համահեղինակ Կարինե Աճեմյանը նշեց, որ Կառավարությունը որոշել էր նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանքը սահմանել յուրաքանչյուր զորակոչի համար, սակայն նախագծի հեղինակները գրավոր առաջարկ են ներկայացրել տուգանքը երկուհարյուրապատիկի չափով սահմանելու վերաբերյալ, այսինքն՝ 1 մլն 800 հազար դրամը դարձնել 3 մլն 600 000 դրամ:

«Օրենքի ժամկետը երկարացրել ենք, որպեսզի այն քաղաքացիներն, ում 27 տարին լրացել է, կարողանան օգտվել: Մենք բարի գործ ենք ուզում անել: Մարդիկ տարբեր պատճառներով են հեռացել, եւ դռները նրանց առջեւ փակելը տրամաբանական չէ: Հարյուրավոր քաղաքացիներ են վերադարձել հայրենիք եւ վճարել են տուգանքները, եւ պետական բյուջե մոտ 8 մլրդ դրամ է մուծվել,- ասել է նա:

Օրենքից կարող են օգտվել 1992  թ.-ի աշնանային զորակոչից մինչև 2017 թ.-ի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված կամ զորակոչից խուսափած անձինք: Օրենքը գործելու է մինչեւ 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

*

*