Ցանկությունների ու չցանկությունների հոսանքին տրված

որձում ենք դասեր քաղել մեր ակնկալիքներից ու հուսախաբությունից...
get2

Կյանքի այս կամ այն փուլում, որեւէ կարեւոր իրադարձությունից առաջ կամ անմիջապես հետո, շատ դեպքերում՝ ծննդյան օրերին, քիչ դեպքերում՝ ամեն օրվա վերջում մենք սովորություն ունենք մի հայացք նետելու օրվան, ամսին, տարվան կամ կյանքի որոշակի շրջանին։ Փորձում ենք հասկանալ՝ ինչ կորցրեցինք ու ինչ գտանք, ինչ վերցրեցինք կամ խլեցինք ու ինչ տվեցինք կամ նվիրեցինք, ինչ փորձեցինք պահել ու ինչից ուրախությամբ ազատվեցինք։

Ու իրադարձությունների, ձեռքբերումների ու կորուստների այդ ցանկի տակ հանրագումարի համար գծիկ դնելով՝ կրկին փորձում ենք ծրագրել-պլանավորել մեր հաջորդ օրը, ամիսը կամ կյանքի որոշակի հատվածը՝ ինքներս մեզ խոստանալով, որ այլեւս չենք ձգտելու ուրիշինը մերը դարձնել, մերը՝ արհամարհել, քանի որ դա արդեն իսկ մերն է, վաղուցվանից։

Փորձում ենք դասեր քաղել մեր ակնկալիքներից ու հուսախաբությունից, մեր երազանքների ճանապարհի ուրախություններից ու հիասթափությունից, մարդկանց ճանաչելու անկարողությունից ու նույն մարդկանց կրկին ու կրկին վստահելու անմտությունից, դիմացինի արարքները փնովելուց ու սեփական քայլերն արդարացնելու հազարումի պատճառներ հորինելուց։ Ու գծիկ դնելով՝ օրվա վերջում՝ կարճ, տարիների վերջում՝ մի քիչ երկար, չենք հասկանում կամ չենք հավատում, որ ինչքան էլ քննենք, եզրակացնենք ու որոշենք՝ հաջորդ փուլն անցնելու ենք նույն կերպ՝ ամեն մեկս մեզ հատուկ եւ ի սկզբանե որոշված կերպով, քանի որ բացի նրանից որ դե մարդ ենք՝ մեր բոլոր թերութուններով, թուլություններով, կարելի է-չի կարելիի գրեթե միասնական պատկերացումներով, նաեւ… մարդ ենք, ասել է թե՝ կրկին ու կրկին անելու ենք բաներ, որ մեր միտքը չի ընդունելու, բայց եւ անզոր է լինելու խանգարելու հույզերից ու բնազդներից ծնված խոսքին, շարժմանը, արարքին։

Իհարկե պետք չէ ձեռքերը ծալել ու նայել, թե ուր է տանում մեզ մեր ցանկությունների ու չցանկությունների, մեծամասամբ՝ հանգամանքների հոսանքը, իհարկե պետք է հաշվետու լինենք այդ գծիկից առաջ արած-չարածների համար, բայց դե…

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*