Տեառնընդառաջ. ժամերգությունից հետո՝ դեպի խարույկներ

Դեզի վրայով ցատկելը նրա համար էր, որպեսզի ազատվեին ամեն տեսակ «չլավից»` ոչ լավից, վատից
tyarendaraj-trndez2

Տեառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տերունի, անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից քառասուն օր հետո: Ղուկաս ավետարանիչը նշում է, որ երբ ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին տարան տաճար` Տիրոջն ընծայելու` ըստ  մովսիսական օրենքի: Այստեղ էր Սիմեոն անունով արդար ու բարեպաշտ ծերունին, ում խոստացված էր մահ չճաշակել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա ընդառաջ է ելնում Մանուկ Հիսուսին և այստեղից էլ՝ «ելանել ընդ առաջ Տեառն» արտահայտությունը: Ահա ավետարանական այս պատմությունն էլ քրիստոնեական այս գեղեցիկ տոնի հիմքն է, երբ Սիմեոն ծերունու  օրինակով մենք դուրս ենք գալիս Տիրոջն ընդառաջ:

Որոշ տեսակետների համաձայն  այս տոնի արմատները և կրակ վառելու սովորույթն ավելի  հին են  և գալիս են  նախաքրիստոնեական շրջանից` կապված կրակի պաշտամունքի հետ: Իսկ քրիստոնեական ընկալումով Տեառնընդառաջի կրակը խորհրդանշում է Ճշմարիտ Լույսը, և  եկեղեցին արգելում է հեթանոսական իմաստով  կրակավառությունը:   Քրիստոսն է աշխարհի լույսը, և այդ խորհրդով ենք մոմեր վառում, տուն տանում: Ճանաչելով Կենդանի Արեգակին և Լույսին` մենք մեր ընծայումն ուղղում ենք Քրիստոսին, ոչ թե հեթանոսական կրակին:

Տեառնընդառաջն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շարունակվում է նշվել  մեծ շուքով, ուրախությամբ ու հանդիսություններով: Սակայն հայ իրականության մեջ Տեառնընդառաջի  տոնակատարության՝ գոյություն ունեցած ազգային պատկերացումներից,  սովորույթներից, ավանդություններից ոչ բոլորն են պահպանվել այսօր:

Տոնը հայոց կենցաղում հայտնի էր տարբեր անվանումներով` «Տօռոնջ-տօռոնջ» (Ղազախ), «Տառինջ-տառինջ» (Հին Ջուղա), «դըրընդեզ» (Վաղարշապատ) և այլն: Սակայն առավել տարածված էր «Տրընդեզ» անվանաձևը, որը պահպանվել է մինչ օրս:

Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է, որը սկսվում էր փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամերգությունից հետո, երբ կատարվում է նախատոնակ:

Խարույկը պատրաստում էին եկեղեցիների բակերում, տներում (սովորաբար՝ երդիկների վրա), փողոցներում, դաշտերում և այգիներում: Հիմնականում առաջնությունը տրվում էր եկեղեցու կամ ավագանու խարույկներին: Ղազախի գյուղերում, օրինակ, դեզը վառվում էր միայն եկեղեցու մոտ: Հին Ջուղայում փշե դեզը եկեղեցու գավթում պարտավոր էին պատրաստել նույն տարում պսակված երիտասարդները: Անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանը նշում է, որ  Գանձակի գավառում նորապսակները ցրտենի ծառի  ճյուղեր էին  բերում և եկեղեցու բակում դարսում (քանի որ հավատում էին, որ Քրիստոսին ծնված ժամանակ այդ ծառի ճյուղերով են փաթաթել): Եթե երիտասարդներից մեկը զլանում էր այդ պարտականությունը կատարել, քահանան նրանից տուգանք էր վերցնում:  Երբ քահանան, կատարելով կարգը,  իր մոմով առաջինը վառում էր դեզը, վառում էին նաև շարքի կանգնած նորապսակները, և այլևս ոչ ոք: Այլ վայրերում ևս դեզը վառելու իրավունքը քահանայից հետո դարձյալ նորապսակներինն էր:

Ամուսինները երեք անգամ պտտվում էին խարույկի շուրջ, երեքական անգամ թռչում դռնատունջի վրայից, երեխաներն էլ, մի հավ գրկած, կանգնում էին խարույկի շուրջ, որպեսզի մեծ պասին հավերը հաճախ ձու ածեն:

Բանահավաք Քաջբերունին նշում է, որ դեզի վրայով ցատկելը նրա համար էր, որպեսզի ազատվեին ամեն տեսակ «չլավից»` ոչ լավից, վատից: Մի քանի օրվա ծննդաբերած կնոջը նույնպես թռցնում են կրակի վրայով, որպեսզի քառասունքից ազատվի: Չարից ազատվելու համար կրակով այրում էին իրենց շորի որևէ մասը (Դարալագյազի գաղթական ժողովուրդ):

Ազգագրագետ Սամվել Մկրտչյանը նշում է, որ բազմազան էին նաև տոնին կատարվող գուշակությունները: Դեզի ծուխը որ կողմ որ թեքվեր, այդ ուղղությամբ էլ համայնքի բանիմաց ավագները ճշտում էին տվյալ տարվա ընթացքում սպասվելիք հաջողության ճանապարհը: Ջավախքում ասում էին, որ եթե «ծուխը հարավ կամ արևելք է գնում, բերքը լավ է լինելու, իսկ եթե հյուսիս կամ արևմուտք՝ վատ»: Երեկոյան նաև հրացաններ էին արձակում, և արձակման ձայնից որ կողմ որ փախչում էին շները, այդտեղից հողի առատություն էր սպասվում (Դարալագեազ):

Հնում  հավատում էին, որ տոնի երեկոյան ծնված երեխան շատ չար և կրակոտ պետք է լինի, քանի որ «կրակի հետ էր ծնվում»:

Այսպիսով, հայոց կենցաղում Տրընդեզի ավանդական ծիսահամալիրի մաս էին կազմում տոնածիսական ուտեստը, նորապսակների ազգականների փոխայցելություններն ու նվիրատվությունները և ծիսական խարույկի հետ կապված արարողությունները, գուշակությունները, որոնց միջոցով ակնկալվում էր սպասվող բերքի առատություն, անձնական երջանկություն և բոլոր տեսակի հիվանդություններից ձերբազատում:

qahana.am

*

*