«Հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել. վարչապետ

Լրջագույն խնդիրներ են առաջանում, երբ երթուղին սպասարկում է անհատը
transport
Լուսանկարը՝ iravaban.net-ի

Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում պետք է լինեն հասարակական տրանսպորտի խնդիրները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ, պատասխանելով տրվող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծանր զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Երևանում կռացած երթևեկող մեր հայրենակիցներին: Այդ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել: Այդ խնդիրը պետք է Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի: Իհարկե, նաև մարզային տրանսպորտային ցանցը նորացնելու ծրագրեր ենք մշակում կառավարությունում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ընթացքի մեջ են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները»,- ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ լրջագույն խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ տվյալ երթուղին սպասարկում է անհատը: «Երբ որևէ անհատ անվճար երթևեկություն է ապահովում, հարց է առաջանում՝ եթե նա մի օր սնանկանա, կամ որոշի այլ կերպ ծախսել գումարները, այսինքն դա նշանակում է, որ քաղաքը մնալո՞ւ է առանց տրանսպորտի: Հարցը պետք  է որոշակի տնտեսական ռելսերի վրա դրվի», — նշեց վարչապետը:

«Այս հարցերը պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում: Այս բոլոր խնդիրները կապված  են մի խնդրի՝ պետական եկամուտների ավելացման հետ: Իսկ պետբյուջեի մեծացման երկու ուղի կա՝ կոռուպցիայի դեմ պայքարը, ստվերի կրճատումն ու տնտեսության զարգացումն ու այն օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելը: Մենք շարժվում ենք այս ճանապարհով»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խնդիրը մեկ օրում չի լուծվի, դրա համար ժամանակ է հարկավոր:

*

*