Բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտները կլինեն ուշադրության կենտրոնում

Տոնոյանը նաև աշխատանքային զրույց է ունեցել ՀՀ մարզպետների հետ
tonoyan

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի աշխատանքային նիստ, որը վարեց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: 

Ի կատարումն ավելի վաղ ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի՝ նախարարը տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարեց վարչապետի կողմից սահմանված երկամսյա ժամկետում այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ ստուգումներ և հետազոտություններ իրականացնել արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև՝ հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև՝ թերությունների հայտնաբերման ուղղությամբ:

2018 թ. համար նախատեսված պլանային ստուգումների հետ համատեղ պետք է իրականացվեն նաև հրդեհային անվտանգության հետազոտություններ, ստուգվող և հետազոտվող օբյեկտների առաջնահերթությունը սահմանվելու է ըստ ռիսկայնության: Ուշադրության կենտրոնում են լինելու բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտներն ու մարդկային մեծ կուտակումներ ունեցող վայրերը: «Անվտանգության աշխատակիցները պետք է կարողանան ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակում և տիրապետեն առաջին օգնության ցուցաբերման հմտություններին», — ասաց նա:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նաև աշխատանքային զրույց է ունեցել ՀՀ մարզպետերի հետ՝ հորդորելով վերջիններիս օժանդակել ՀՀ ԱԻՆ տեսչության մարզային ստորաբաժանումներին իրենց մարզերում հրդեհային անվտանգ համակարգ ապահովելու գործընթացում:

*

*