Տոնական մենություն — Երկիր Մեդիա

Տոնական մենություն

Հյուրընկալ նստարանը գրկեց ծերունու մեջքը...
spasum tseruni nstaran

Ծերունին ժպտաց. գոհունակության ժպիտ էր` ուղղված բնությանը, որ այս տարի ձմեռը այդքան էլ ցրտաշունչ չէ: Սիրելի  քաղաքի հյուրընկալ նստարանը գրկեց ցրտից, բայց ավելի շատ մենությունից կուչ եկած ծերունու մեջքը: Հրապարակի ժամացույցն ազդարարեց՝ կեսգիշեր է, ու տարին փոխվեց: Ծերունին ավելի սեղմվեց նստարանին, պինդ փակեց աչքերը, ձեռքերով խլացրեց ականջները` փորձելով չլսել, չտեսնել ու չզգալ իր մենությունը: Քաղաքը տոնական տրամադրության մեջ էր. հրավառություն, աղմուկ, լույսեր, մարդկանց բազմություն, շնորհավորանքներ, պատուհաններից այն կողմ զնգացող բաժակներ, կրկնվող մաղթանքներ, ու այդ ամենին զուգահեռ՝ փողոցում՝ հարազատ քաղաքի նստարանին ձուլված մենություն:

Ծերունին երազում էր, որ բացվի լույսը, որովհետև լույսը ժամանակավորապես ցրում է մենությունը: Բայց տոնը համառում էր, մարդիկ ավելի ու ավելի էին զգացնել տալիս իր մենությունը: Աշխարհը մոռացել էր իր գոյության մասին, արարիչը երես էր թեքել: Արարի՞չը: Հայացքը երկինք ուղղեց. հաշտ էր արարչի հետ, չէր մեղադրում, գուցե արժանացել էր այդ մենությանը: Չկար մեկը, ում կարող էր շնորհավորել տարեմուտի առթիվ, ու դիմեց ստեղծողին, աղոթք մրմնջաց, ու արցունքներ հոսեցին` հուսալքության ու ցավի: Նոր տարին նոր սկիզբ է, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ էր իր համար արդեն վերջացել ամեն լավ բան: Ամանոր էր. ուզում էր լավ  ու լուսավոր բանի մասին մտածել, փորձեց, բայց չստացվեց: Այդ ե՞րբ դարձավ այդքան դատարկ: Երեւի այն օրը, երբ որդին լքեց, բայց մի՞թե ծերությունը արատ է ու, եթե հանդգնես ծերանալ, կդառնաս ավելորդ:

Ցրեց մտքերը, վեր կացավ, քայլեց հրապարակով ու սփոփվեց այն մտքով, թե ժամանակները փոխվել են… Իսկ տներից ներս «քաղցրանում էին» կենացները` հայրենիքից մինչև ծնող: Ու ներսի ջերմ հայացքները չէին էլ հիշում այն մարդկանց, որոնք քաղաքի, աշխարհի, երկրագնդի տարբեր անկյուններում մենակ են:

Մենություն տենչող ու մենության ձգտող մարդիկ երևի չեն էլ գիտակցում, որ ամենամեծ անեծքը դատարկությանը խառնված մենությունն է, լքված ու չսպասված լինելը: Իսկ աշխարհում դեռ ապրում են մարդիկ, որոնք ամանորյա ու ոչ ամանորյա սեղանին մոտենում են դժկամորեն, ընտանքի անդամների հայացքներից խուսափում ու երազում, թե երբ պիտի փակվեն սենյակում: Երանի այն մարդիկ, որոնք երբեք չեն արժեւորում ունեցածը, մի պահ պատկերացնեն այն ծերուկին, ով աչքերի կապույտ հորիզոնում դեռ սպասում է հրաշքի։ Հրաշք, որն ընդամենը մարդկային մի ջերմ հայացքն է…

ՀՌԻՓՍԻՄԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

*

*