Վաղը տոնը կգնա մայրաքաղաքից

Տարին նոր է, բայց իրականում մի թիվ է փոխվել...
tonacar

Վաղը տոնը կգնա մայրաքաղաքից , կտեղավորվի  ստվերաթղթե արկղների մեջ ու մինչեւ  դեկտեմբեր կմնա մի խուլ անկյունում , մթության մեջ: Անարդար է.  մութ անկյունում է մնալու, բայց իր գործը քաղաքը գունավորելն ու լուսավորելն էր: Մի տեսակ դժվար եմ  բաժանվում տոնական  զարդարված , լուսավոր քաղաքից՝ այսպես քաղաքն ավելի ուրախ է թվում, մարդիկ էլ երջանիկ՝ հեքիաթում կարծես լինենք , իսկ ով չի ուզի հեքիաթում երկար մնալ: Տոնը քաղաքից մենակ լույսն ու զարդարանքը չի տանելու, քիչ –քիչ մենք էլ կվերադառնանք մեր առօրյա կյանքին ու  այլեւս ժամանակը չի հերիքի մեկ- մեկ հյուր  գնալ հարազատ մարդկանց, զանգահարել, շնորհավորել, զրուցել…

Ամեն ինչ  կվերադառնա իր նախկին տեսքին, տարին նոր է, բայց իրականում մի թիվ է փոխվել: Վաղը տոնը կգնա մայրաքաղաքից, անսովոր կլինի`  լուսավոր քաղաքը նորից տեսնել իր նախկին մթության մեջ, բայց մի քանի օր անց այդ մթությունն էլ կդառնա սովորական, հեքիաթը ՝ անսովոր: Մի տեսակ  հեշտ բան է դարձել տոնը քաղաք բերել ու տանել: Դժվարը տոնը մեր  ներս բերելն է, երբ այնտեղ է  որոշում տեղավորվել, երկար է մնում ու  դառնում է մերը, ոչ թե՝ քաղաքինը:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*