Թոմ Քաթինան «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիրն է

Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկրի անունը։

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկրի անունը. նա Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ ամերիկացի Թոմ Քաթինան է, ով Սուդանի պատերազմական Նուբա լեռներում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է: Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի:

Այս տարվա մրցանակաբաշխության դափնեկիրը  կստանա $100,000 պարգեւ՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, աշխարհահռչակ երգահան և շանսոնների կատարող Շառլ Ազնավուրը, «Ավրորա 2017» մրցանակի հավակնորդները, հյուրեր:

«Ավրորա» 2017 թվականի մրցանակի մյուս հավակնորդներն էին.

«Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ, մայր եւ դուստր Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը՝ Սոմալիից:

«Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար, Աֆղանստանում կրթական ծրագրերի միջոցով կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին:

Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող Մուհամադ Դարվիշը, ով վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են:

avrora2017a

Գինեկոլոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր Դենիս Մուկվեգեն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից: Նա բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:

Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում կայացած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում մրցանակի առաջին դափնեկիր դարձավ Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, ով գնահատանքի արժանացավ այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր եւ օգնության ձեռք մեկնելով որբերին ու փախստականներին: Հետեւելով մրցանակի կանոններին՝ դափնեկիրը 1 միլիոն դոլար դրամաշնորհը տրամադրեց իրեն ոգեշնչած կազմակերպություններին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ) հիմնադրամին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամին:

*

*