Պետությունն այլևս չի փոխհատուցի ապահովագրությունից չօգտված գյուղացիական տնտեսությունների վնասը

Նախարարը հորդորում է ապահովագրության համար դիմել առաջիկա ամսվա ընթացքում
tigran-xachatryan

Պետությունն այլևս չի փոխհատուցի եղանակային պայմաններից տուժած այն գյուղացիական տնտեսությունների վնասը, որոնք կարող էին օգտվել գյուղատնտեսական ապահովագրությունից, սակայն չեն օգտվել: Այս մասին հրավիրված ասուլիսում շեշտել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Նախկինում կառավարությունը յուրաքանչյուր տարեվերջին բնական, եղանակային պայմաններից տուժած գյուղացիական տնտեսություններին վնասի հատուցում էր անում: Ծախսերի շատ փոքր մասը ՝ մոտ 4-5 տոկոսը կառավարությունը փոխհատուցում էր: Հիմա մենք փոխել ենք աջակցության եղանակը, հատուցում ենք ոչ թե վնասը, երբ այն տեղի է ունենում, այլ աջակցում ենք, որ գյուղացիական տնտեսությունն ապահովագրի ռիսկը: Եվ բնականաբար, երբ այդ մարզերում տվյալ մշակաբույսերի համար  ռիսկերից կա ապահովագրություն, չի լինելու վնասի փոխհատուցում այն տնտեսությունների համար, որոնք չեն օգտվի ապահովագրվելու իրենց իրավունքից՝ ունենալով կառավարության աջակցությունը»,-ասաց Խաչատրյանը:

2019-ի ընթացքում 6 մարզերում՝ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Կոտայքում և Տավուշում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը: Ապահովագրությունը կատարվում է երկու մշակաբույսերի՝ խաղողի և ծիրանի համար՝ վաղ ցրտահարություն, կարկուտի ռիսկերից: Երկուսից օգտվելու դեպքում հրդեհների ռիսկից ապահովագրությունը պետությունը առաջարկում է անվճար: Կառավարությունն աջակցում է բոլոր ապահովագրվողներին, 50 տոկոսը վճարում է գյուղացիական տնտեսությունը, 50 տոկոսը՝ կառավարությունը: Եվ եթե ֆերմերային տնտեսությունը ապահովագրվում է երկու ռիսկից, ապա կառավարության աջակցության չափը դառնում է 60 տոկոս:

Նախարարը հորդորեց գյուղացիական տնտեսություններին ապահովագրության համար դիմել առաջիկա ամսվա ընթացքում: Արդեն ստացվել են 100 դիմումներ, որոնք ընթացքի մեջ են:

*

*