Թափանցիկ հագուստը կանաց, անթափանց անհատականությունը՝ տղամարդկանց համար…

Կարևորը անհատականությունն ընդգծելը և տարբերվել կարողանալն է
tghamard-noradzevutyun

Նոր տարին կանանց և հատկապես հայ կանանց համար՝ բացի ուրախությունից, նորին սպասելուց ու մտքում երազանքների կատարման հույսից, բերում է նաև հաճելի հոգսերի և ծանրաբեռնվածության մի ամբողջ փունջ: Պետք է ամեն ինչ ըստ կարգի լինի, գործերն էլ այնպես դասավորել, որ տոնական սեղանին ոչինչ չպակասի: Այդ ամենի հետ մեկտեղ, ամանորից դեռևս մի քանի օր առաջ արդեն գեղեցկության սրահներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, խանութներն էլ նորաձև հագուստներ որոնող հաճախորդների պակաս չեն զգում. նոր տարվա գիշերը պետք է գեղեցիկ և նորաձև լինել:

Տղամարդկանց ամանորյա նախապատրաստությունները մի փոքր այլ են, նրանք հագուստի ընտրության վրա չեն կենտրոնանում, հիմնական մասն էլ գրեթե չի հետաքրքրվում, թե օրինակ, որ հագուստն է նորաձև նոր տարվա գիշերը:

«Աշխատում եմ պարզապես երջանիկ դիմավորել Նոր տարին, ընտանիքիս կողքին: Հիմնականում փորձում եմ ֆինանսական կողմն ապահովել, առևտուրը կատարել, իսկ մնացած հարցերով կինս է զբաղվում: Երբեք չեմ մտածել, թե տղամարդկանց համար ինչն է նորաձև հատկապես նոր տարվա գիշերը: Կրում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, հագուստի ընտրության վրա երբեք չեմ կենտրոնանում»,-ասում է մեր զրուցակիցներից վարորդ Արթուր Ոսկանյանը:

Վաճառող Հայկ Սարգսյանի համար էլ տղամարդկանց նորաձևություն գոյություն չունի. պետք է կրել  այն, ինչի մեջ վստահ ես զգում, նույնը նաև Նոր տարվա գիշերը. «Նոր տարվան հատուկ չեմ պատրաստվում, նոր հագուստով եմ դիմավորում, բայց հինն էլ հաճույքով կկրեմ, քանի որ հագուստի ընտրությունն ինձ համար այդքան էլ կարևոր չէ»:

Ամանորի գիշերը տղամարդկանց համար հագուստի հատուկ ընտրության տարբերակներ չկան: Կարող են կրել այն, ինչ ցանկանում են: yerkirmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2018թ.-ին տղամարդկանց հագուստի նորաձևությանը՝ նշեց դիզայներ Արամ Նիկոլյանը:

Ըստ նրա՝ կարևորը անհատականությունն ընդգծելը և տարբերվել կարողանալն է. «Նորաձև են ոչ գրկող ֆորմաները, վանդակավոր հագուստը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կանանց համար նորաձև է թափանցիկ հագուստը: Դիզայներ Դիանա Շատվերյանը խորհուրդ էր տվել Ամանորի գիշերը թափանցիկ հագուստ կրել:

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*