Ի՞նչն է նորաձև 2019-ին տղամարդկանց և կանանց համար

«Նորաձև է այն մարդը, ով տարբերվում է...»
fashion

Ի՞նչն է նորաձև տղամարդկանց և կանաց համար 2019-ին, որ գույներն են առավել արդիական, ի՞նչ են թելադրում համաշխարհային թրենդները:

yerkirmedia.am-ի հետ զրույցում դիզայներ Արամ Նիկոլյանը, անդրադառնալով տղամարդկանց նորաձևությանը և համաշխարհային միտումներին, նշեց, որ առաջարկվող հագուստի ցանկացած ոճ, որը տղամարդու առնականությունը չի ընդգծում, իր համար անընդունելի է:

«Ինձ համար տղամարդկանց նորաձության մեջ ընդունելի է հագուստի այն ոճը, որը տղամարդուն ավելի առնական, «բրուտալ» է դարձնում և չփորձեն կրել այն, ինչ թելադրում են համաշխարհային թրենդները»:

Ըստ դիզայների՝ նորաձևության քաոսի մեջ  դժվար է կողմնորոշվել. «Ամեն ինչ շատ խառն է, կոնկրետություններ չկան, ամեն ինչ ու ամեն բան նորաձև է»:

Դիզայները տղամարդկանց խորհուրդ է տալիս, թե′ Ամանորին և թե′ ընդհանրապես ցանկացած մարդ լինի անհատ և դրանով դառնա նորաձև և լինի թելադրող:

«Նորաձև է այն մարդը, ով տարբերվում է: Տարվա խորհրդանիշների հետ էլ նորաձևությունը կապ չունի, եթե այս տարի խոզի տարի է, չի նշանակում, որ նորաձև է վարդագույնը և այլն»:

Այնուամենայնիվ դիզայներն առանձնացրեց, այն գույները, որոնք 2019-ին տղամարդկանց համար թրենդային են. «Հաճախ հանդիպող գույներն են ազնվամորու երանգը, կարմիրի տարբեր երանգները, կրակի գույնը, փիրուզագույնը: Կարևորը գույնը չէ, ուղղակի պետք է դրանք ճիշտ համադրել»:

Ինչ վերաբերվում է կանանց, դիզայներ Դիանա Շատվերյանն առանձնացնում է հագուստի ամենավառ երանգները:

«2019-ին նորաձեւ կլինեն ծիածանի բոլոր գույները: Եթե այս տարի գունային միտումներն առավել մոնոտոն էին, ապա եկող տարում ձեր զգեստապահարանում կարող եք ունենալ ու համադրել ամենավառ երանգները 2019-ին չափազանց նորաձեւ կլինեն 18, 19-րդ դարերին բնորոշ կորսետները. դրանք կարող են լինել ինչպես կտորից, այնպես էլ՝ կաշվից կամ լաքից: Իհարկե, թրենդային կլինի նաեւ 1990-2000-ականներին ԱՄՆ-ում մեծ տարածում գտած սպորտային համազգեստների ոճը, որն այժմ կարելի է համադրել անգամ զգեստների հետ»,-ասում է նա:

Իսկ Ամանաորին արդիական է ցանկացած երանգի փայլփլուն հագուստը.

«Այս Ամանորին փայլփլուն հագուստի սիրահարները ուրախությամբ կարող են կրել դրանք՝ ընտրելով ցանկացած երանգ՝ սեւ, ոսկեգույն, կարմիր, արծաթագույն եւ այլն: Ամանորի գիշերը կանանց եւ աղջիկներին շքեղ տեսք կհաղորդի նաեւ թավշյա հագուստը»,-նշում է Դիանա Շատվերյանը:

Չնայած ներկայացվող հագուստների բազմազանությանը, սպորտայինի, դասականի տարբեր համադրություններին, մեկ կարծիքի հետ վիճել չես կարող. նորաձև է այն ինչ տարբերվող է և ընդգծում է կրողի առանձնահատկությունները:

fashion-men

*

*