Միհրան Պողոսյանը սեւ ցուցակում է հայտնվել Արտեմ Ասատրյանի եւ Տիգրան Մուկուչյանի հետ

«Սեւ ցուցակում» նրանք հայտնվել են «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ուղարկած հարցումներն անպատասխան թողնելու համար:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հրապարակել է տեղեկատվության ազատության ոլորտի սեւ ցուցակում հայտնված պաշտոնյանների անունները:

Այսպիսով, առաջին եռամսյակի սեւ ցուցակում է՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Այս տարի «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» երկու անգամ տեղեկություն ստանալու համար գրավոր հարցում է ուղարկել ԴԱՀԿ. երկու դեպքում էլ այն անպատասխան է մնացել:

Նույն սեւ ցուցակում է հայտնվել նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այս տարվա փետրվարին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» էլեկտրոնային հարցմամբ դիմել է նախարարություն` խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի՞ տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել նախարարությունը, դրանցից քանիսի՞ն է պատասխան տրվել գրավոր, բանավոր եւ քանի՞սն է վերահասցեագրվել ու մերժվել: Հարցումն անպատասխան է մնացել:

Գրեթե նույն բովանդակությամբ հարցման չի պատասխանել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը եւս հայտնվել է սեւ ցուցակում:

Քաղաքաշինության ծրագրերի փորձագիտական կենտրոն ուղարկված հարցումը՝ կապված կառույցի ենթակայության տակ ծառայողական մեքենաների հետ, եւս առանց պատասխան է մնացել: Կենտրոնի տնօրեն Սերգեյ Մինասյանը հայտնվել է սեւ ցուցակում:

Սեւ ցուցակում են հայտնվել նաեւ Հայասատանի ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հայտնի են նաեւ տեղեկատվության տրամադրելու ժամկետները խախտած պաշտոնյաների անուները: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ Հայասատանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն «Ինֆրոմացիայի ազատության կենտրոնի» հարցումներին պատասխանել են 20 օր ուշացումով:

*

*