Տավուշում քրիստոնեական դաստիարակության 43 կրթօջախ է հիմնվել

Երեխաներին տոնական նվերների հետ բաժանվել են նաև Մանկական Աստվածաշնչեր:
tavushi-marz

Անցնող տարվա ընթացքում Տավուշի հոգևոր թեմի նախաձեռնությամբ քրիստոնեական դաստիարակության 43 կրթօջախ է հիմնվել «1 համայնք 1 դպրոց» ծրագրի շրջանակում՝ շուրջ 2100 աշակերտով: Այս մասին գրառում է կատարել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ շնորհակալություն հայտնելով այդ գործում աջակցություն ցուցաբերած բոլոր կազմակերպություններին ու անհատներին։

«Փառք և գոհություն մեր շնորհաբաշխ Տիրոջը, որ օրհնեց մեզ տարին ամփոփելու այսպիսի շնորհաշատ կերպով: Դեկտեմբերի 21-ից սկսած՝ յուրաքանչյուր տարածաշրջանային կենտրոնում (Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ-Նոյեմբերյան) շրջակա համայնքների երեխաների հետ տարին ամբողջացրինք տոնահանդեսներով, որի ընթացքում մեր երեխաներին տոնական նվերների հետ բաժանվեցին նաև Մանկական Աստվածաշնչեր, որպեսզի իրենց հոգևոր դաստիարակությունն էլ ավելի ամբողջական լինի: Այսօր Տավուշի թեմի 2100 աշակերտներն արդեն ունեն իրենց Աստվածաշնչերը: Աստծու կամքով պիտի կարողանանք հասնել բոլորին…»,-գրել է Բագրատ Սրբազանը։

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյանը Տավուշի թեմի առաջնորդությունը պաշտոնապես ստանձնել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, որից հետո Տավուշի հատկապես սահմանապահ շրջանները գտնվում են հոգևոր առաջնորդի անվերապահ ուշադրության կենտրոնում։ Նոր տարվա նախաշեմին կազմակերպվում են այցեր սահմանապահ զորամասեր՝ օրհնություն տանելով հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին։

*

*