Սուրբ Գ. Տաթեւացու տոնի պատարագի առիթով բազմաթիվ հավատացյալներ Տաթեւում են

Տաթեւացուն անվանում են մեր եկեղեցու չորրորդ լուսավորիչ՝ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներից եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո:

Մեծ պահքի 3-րդ շաբաթ օրը ձմեռ, թե գարուն, ձյունառատ եղանակ լինի, թե՝ արեւոտ Տաթեւի դժվարանցանելի ոլորանները հաղթահարում են բազմաթիվ ուխտավորներ: Սուրբ Գրիգոր Տաթեւացու տոնն է:

Տաթեւացուն անվանում են մեր եկեղեցու չորրորդ լուսավորիչ՝ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալներից եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո: Նրա ուսմունքը հայ եկեղեցու վարդապետության հիմքն է, իսկ Տաթեւի վանքը մեծագույն սրբատեղի է. այստեղ Եվստաթեոս առաքյալի, Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Պողոսի եւ Պետրոսի մասունքների կողինք նաեւ Տաթեւացու աճյունն է ամփոփված:

«Այս վանքը պատահական սրբավայր չէ: Երբ Հովհաննես հայրապետն օծում էր այդ վանքը, մի տեսիլք տեսավ՝ Պողոս եւ Պետրոս առաքյալներին, որոնք ասացին՝ սա հոգեւոր գանձարան չէ, այլ երկնքի արքյության բանալին: Այստեղ գալով՝ հավատքով մենք կարող ենք մեր մեղքերին թողություն ստանալ»,- ասում է Սյունիքի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը:

Տոնական պատարագը մատուցվում է Տաթեւացու դամբարանում: Հոգեւորականների աղոթքին միանում են նաեւ հավատացյալները: Տաթեւի վանքն ամբողջ տարին է ուխտավորներ ունենում. մարդիկ գալիս են սրբի բարեխոսությունը խնդրելու, զորավոր սրբավայրից օրհնություններ տանելու:

«Գրիգոր Տաթեւացին այն վարդապետներից է, որ ինձ համար իմաստության մարմնացում է, ես եկել եմ նրա բարեխոսութունը խնդրելու, որ իբրեւ քրիստոնյա իմաստությամբ ապրեմ իմ կյանքը, եւ նաեւ իր կյանքի ընթացքն ինձ համար օրինակ վերցնելով՝ շարունակելու պահքի իմ ընթացքը»,- ասում է հավատացյալներից մեկը:

Ասում են` 11 տարում կառուցված գլխավոր` Պողոս-Պետրոս եկեղեցու օծման ժամանակ հավաքվածների աղոթքի ձայնն այնքան հզոր էր, որ թվում էր` հրեշտակների զորքերն էին միացել նրանց: Քաղաքի աղմուկից կտրված, լեռներով մեկուսացված ու երկնքի շատ մոտ այս սրբավայրում թվում է՝ աղոթքի ձայնն Աստծուն շատ արագ է հասնում:

*

*