Ամանորը՝ Արցախյան պատերազմի մասնակից, վիրաբույժ Տարոն Տոնոյանի տանը

Ընտանիքում նման օրերը տարվա մեջ բացառիկ են, ամբողջ ընտանիքն է հավաքվել...
Վիրաբույժ Տարոն Տոնոյանը սահմանին եղել է տարիներ շարունակ. Արցախյան գոյամարտի ամբողջ ընթացքում: Ավելին, պատերազմի բոլոր տարիներին այնտեղ է անցկացրել ամանորը: Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական գործիքներ: Վիրաբույժ Տարոն Տոնոյանը արցախ մեկնեց նաեւ 2016 թվականի ապրիլյան դեպքերի ընթացքում:
Առավոտյան, լույսը դեռ չբացված՝ վիրաբույժ Տարոն Տոնոյանն արդեն վիրահատարանում է: Այսպես է սկսվում վիրաբույժի ամեն օրը, առանց բացառության ու տոների: Այսօր էլ ոչինչ չի փոխվել. միայն այն, որ մի քանի վիրահատությունների փոխարեն պլանավորված է մեկը: Հիվանդն արդեն անզգայացած է: Ու եթե ամեն ինչ պլանավորվածի նման ընթանա, 40 րոպե հետո կավարտի վիրահատությունը:
Սա այն բացառիկ օրերից է, երբ վիրաբույժ Տարոն Տոնոյանի ավտոմեքենան տան մոտ կանգնում է, երբ դեռ օրը չի մթնել: Վերջին վիրահատությունից մինչեւ ամանորի գիշեր մի քանի ժամ է մնացել: Ընտանիքում նման օրերը տարվա մեջ բացառիկ են, ամբողջ ընտանիքն է հավաքվել դիմավորելու, նույնիսկ՝ 4 ամսական թոռնիկը:
 
Կրակն արդեն վառված է ու վիրաբույժը տանը ո′չ լապարասկոպի մասին է հիշում, ո′չ նշտարի: Տարվա մեջ նման օր միայն մեկ անգամ է լինում: Ու եթե շտապ մի դեպքով հեռախոսը չզանգի, սասունցի ընտանիքն ամբողջ կազմով կհավաքվի սեղանի շուրջ:
 
Ու քանի դեռ բժշկի հեռախոսն անձայն է՝ տղաների հետ սկսում է ամանորյա ավանդական խորովածը:
Հիմա ամենորը դիմավորում են տանը, սակայն Տարոն Տոնոյանի համար միշտ չի այսպես եղել: Արցախյան պատերազմի բոլոր տարիներին Ամանորի գիշերը սահմանափակվում էր ռազմի դաշտում հնարավոր հավաքով՝ այն էլ ռազմական հոսպիտալում, իսկ ուղիղ 12-ը՝ վիրահատությամբ:
Արցախյան պատերազմից հետո Տարոն Տոնոյանն առաջինն էր, որ Արցախ մեկնեց նաեւ ապրիլյան 4 օրերին: Այս անգամ կատարած վիրահատություններն այլ էին, նաեւ՝ վիրավորումների տեղերի առումով:
 
Խորովածը գրեթե պատրաստ է, սակայն ընտանիքը սեղանի շուրջ կնստի, երբ կմոտենա ամենամեծը: Մինչեւ կյանքի վերջ չի մոռանա այն նոր տարիները, երբ աչքը չէր փակում ռազմի դաշտից լուրի սպասելով:
Երեկոյան, երբ գործերն ավարտվեցին, քնից արթնացավ նաեւ թոռնիկը: Երիտասարդ պապիկի համար նա այս տարվա ամենամեծ նվերն էր: Տոնածառն էլ հենց նրա համար է զարդարվել: Ընդամնենը մեկ հանիգիտ օր: Վաղն ամեն ինչ կլինի սովորականի նման: Մինչ տան անդամները կարթնանան, Տարոն Տոնոյանը կրկին կհագնի վիրահատական խալաթը: Օրը կսկսվի ինչ-որ մեկի կյանքը փրկելով:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*