Ամանորի տոնական միջոցառումները կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով

«Պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահենք սոցիալական ուղղվածության ծրագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
amanorya-yerevan
Երեւանը կպատրաստվի Ամանորին, բայց ավելի սեղմ ծախսեր կնախատեսի: Քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել է՝ իր տեղակալների գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համապարփակ ծրագիր: Քաղաքապետը պահանջում է ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձեւաչափով անցկացման սկզբունքը:
«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա: Ամանորի տոնական միջոցառումները ևս այդ շարքում էին և, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման ծրագիր: Նաև նկատի ունեցեք, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահենք սոցիալական ուղղվածության ծրագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել ծրագիրն ամբողջացնելուց հետո այն ներկայացնել հանրությանը: Վարչական շրջանների ղեկավարներին, Երևան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու, Երքաղլույսե ՓԲԸ-ին էլ հանձնարարվեց սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը:

*

*