«Եթե իրականում որոշ քանակի ծառեր են կտրվել, մի քանի անգամ ավելի տնկվելու են»․ Տարոն Մարգարյան

Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի դիմաց ասուլիսում անդրադարձավ քաղաքացիների հնչեցրած բողոքին։
taron-margaryan

Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի դիմաց ասուլիսում անդրադարձավ քաղաքացիների հնչեցրած բողոքին։

Նա նախ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք եկել էին աջակցելու քաղաքապետին, ապա հորդորեց նրանց տուն գնալ։

Անդրադառնալով Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող այգում բարեկարգման ծրագրին, նա նշեց․

«Բարեկարգման աշխատանքներն արդեն երեք ամիս ընթանում են: Այգին որևէ առևտրային, սրճարանային տարածք չի լինելու, այն լինելու է համայնքինը, իսկ ինչ վերաբերում է ծառերի հատմանը, Վարդանյանների ընտանիքն իր ծրագրում կանաչ տարածքի ավելացում ունի: Եթե իրականում որոշ քանակի ծառեր են կտրվել, համոզված եղեք՝ մի քանի անգամ ավելի տնկվելու են: Երբ այսօր Վարդանյանների ընտանիքը մամուլով կներկայացնի այդ ծրագիրը, այդ ժամանակ մենք պատրաստ ենք մյուս հարցերին պատասխանել»։

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ Երեւանի քաղաքապետարանի առաջ բողոքի ցույց էին իրականացնում՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Քաղաքացիները բողոքում էին Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող այգում կատարվելիք աշխատանքների դեմ, քանի որ աշխատանքներն իրականացնելու նպատակով հատվել են այգու ծառերը։

Ըստ քաղաքապետարանի պարզաբանման՝ հատված բոլոր ծառերը չորացած են եղել։

*

*