Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիր

Կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերը․․․
ekegheci

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցական համալիր: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պատվիրակության անդամները շրջել են համալիրով, այցելել տարածքում գտնվող առաջնորդարանի շենք, Սուրբ Պայծառակերպություն մայր տաճար և թանգարան։

Ներկայացնելով Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի գործունեությունը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ 2011թ․-ին բացված համալիրը կարևոր դեր է ստանձնել ինչպես Մոսկվայի հայ համայնքի, այնպես էլ ռուսաստանաբնակ հայության հոգևոր կյանքի և ազգային-մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում՝ դառնալով Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոն:

Կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ ռուսաստանաբնակ հայության համախմբման գործում ցուցաբերվող հետևողական ուշադրության համար:

Այցի ավարտին Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվիրել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի ստեղծման 300-ամյակին նվիրված հուշամեդալ:

*

*