Քննադատելու ծարավը հագեցնելու ժամը

Բայց ես դեմ չեմ նաև այն տղաներին, ովքեր կարծիք ունեն
tarketum-cuyc-usanoxner

Արդեն մի քանի օր է՝ քննարկման բուռն թեմա է դարձել ուսանողների դասադուլը: Բոլորը, անխտիր բոլորը, ձեռքները բռունցքած այս ու այն կողմ են պարզում, այս ու այն կողմ քարեր նետում` կարծես քննադատելու ծարավը վերջապես հագեցնելու ժամը հասել է: Եթե քաղաքակրթությունը մի փոքր գլուխը խոնարհեր, ապա ոչ այս, ոչ այն կողմ՝ խաչը կհանեինք այն ուսանողին, ով կարծիք ունի (թեկուզ ոչ բոլորի կողմից ընդունված, բայց ի տարբերություն շատերի, գոնե կարծիք ունի):

Ամեն ինչ դրանով չի ավարտվում. մենք պատրաստ ենք հոշոտելու այն ուսանողական կառույցի բոլոր անդամներին, ովքեր չեզոք են, բայց հենց ձայն հանեցին, ատամներս սրած, փաթաթեցինք այս կամ այն կուսակցության պարանոցին ու փորձեցինք երկուսին հավասար խեղդամահ անել: Էլ չեմ խոսում սպասման մեջ տառապող կուսակցությունների ներկայացուցիչներից, ովքեր թմրության քնից հանկարծ արթնանում են, երբ մի քանի մարդ են տեսնում խմբված: Նրանց համար էլ ժամն է՝ մարած երազանքները բոցավառել՝ տաքարյուն երիտասարդների շնորհիվ: Այո, ես կողմ եմ ցանկացած նախագծի, որը կստիպի բոլորին անխտիր ծառայել` բոլոր խավերին անխտիր: Բանակում չծառայելու ոչ մի պատճառ իր արդարացումը երբեք չպետք է գտնի: Բայց ես դեմ չեմ նաև այն տղաներին, ովքեր կարծիք ունեն, փորձում են պաշտպանել այն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ Պատերի տակ նստած, ոչինչ չանող ոչ մի ձեռք իրավունք չունի նրանց պարզվելու, ոչինչ չանող ոչ մի քննադատ իրավունք չունի նրանցով ինքնագովվելու:

Ես ուրախ եմ, որ հայոց բանակի զինվոր լինելու հաճույքը վայելողները կավելանան, ուրախ եմ, նաև, որ կան տղաներ, ովքեր ցույց են տալիս, որ անտարբեր չեն, ուղղակի անտարբեր չեն։  Նրանք ստիպում են որոշում կայացնողներին հաշվի առնել, որ կա հետադարձ կապ: Այն ուսանողները, ովքեր կողմ արտահայտվեցին զինապարտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին՝ հավասարապես ուժեղ են, ինչպես եւ այն ուսանողները, ովքեր դեմ արտահայտվեցին: Ուժեղ են, որովհետև վախենալով չեն ապրում` քննադատական մեկնաբանություններին ծարավ, նրանք պարզապես գործ են անում: Թույլ են այն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր օգտվում են ստեղծված իրավիճակից ճարահատ, իրենց թուլությունն էլ ավելի ընդգծում, օրինակ, համալսարանի ռեկտորի անհաջող նկարից, ճղճիմ բառապաշարով հարուցում մի խումբ ցածրհոգիների ծիծաղը: Ինչ խոսք, մենք բոլորով դեռ շատ բան ունենք սովորելու նախագծին կողմ և դեմ երիտասարդներից:

 

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*