Անվտանգության և գիտության խնդիրների հակադրումն անթույլատրելի է. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահը՝ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի մասին
tarketum

Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն և կարևորություն: Այս խնդիրը նաև անվտանգության հիմնախնդիր է լուծում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այս օրերին մենք տարբեր ծայրահեղությունների մեջ ընկանք, փորձեցինք հակադրել պաշտպանության, անվտանգության և կրթության ու գիտության խնդիրները: Ես կարծում եմ, որ անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության և գիտության խնդիրներին, որովհետև անվտանգությունը վեր է ամեն ինչից: Սրանով մենք չենք ստորադասում կրթությունը և գիտությունը, բայց առանց ամուր և կայացած անվտանգության համակարգի, առանց կայացած պաշտպանական համակարգի մենք չենք կարող խոսել մրցունակ կրթության և գիտության մասին»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա նշեց, որ շատ են խոսում տարկետման վերացման մասին՝ շեշտելով, որ օրենքի նախագծում նման բան գոյություն չունի: Նա հստակեցրեց, որ տարկետումը չի վերացվում, այլ հստակեցվում են դրա չափանիշները: «Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս նախագծով սահմանվում է բժշկական բոլոր հետազոտությունների թափանցիկությունը: Այս նախագծով մենք նաև սոցիալական արդարության և հավասարության խնդիր ենք դնում»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով օրենքի նախագծից դժգոհ ուսանողների գործողություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ դա նրանց իրավունքն է, սակայն շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են եղել և պատրաստ են լսել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: «Դրա համար ենք մենք ուսանողներին առաջարկել ընդգրկվել այն աշխատանքային խմբում, որը կզբաղվի օրենքից բխող շուրջ 70 ենթաօրենսդրական ակտերի մշակմամբ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ պատգամավորներին կոչ անելով կողմ քվեարկել օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելուն:

 

*

*