Քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը

Երևանի քաղաքապետարանը խնդրին մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ:
taparogh-kendaniner

Թափառող շները Երևանի բնակիչների համար իսկապես խնդիր են դարձել: Դպրոց, մանկապարտեզ գնացող երեխաներն ու աշխատանքի շտապող ծնողներն ամեն օր ստիպված են կտրել-անցնել անտուն շների օղակը:

Երևանի քաղաքապետարանը խնդրին մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կան մշտական հասցեներ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:

«Մշակեցինք ծրագիր և հասկացանք, որ այն պետք է իրականացվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպության միջոցով, որպեսզի չունենանք ռիսկեր և ապահովվի ծրագրի շարունակականությունը: Բացի այդ, չհետապնդի բիզնես նպատակ»,- նշում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին:

«Ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունն իրացնելով՝ պետք է նշեմ, որ հաշվառվել է 6000 էգ շուն, որից 4500-ն առաջին տարում կստերջացվի», — նշում է Խաչիկ Հակոբյանը:

Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

Օվսաննա Հովսեփյանն արդեն երկար տարիներ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ: Այժմ, Երևանի ավագանու կազմում իր աշխատանքը շարունակելով, նա կարծում է, որ քաղաքապետարանի ծրագիրը կարևոր է թե կենդանիների, թե քաղաքացիների համար.

«Այսքան տարիների մեր պայքարից հետո ես առաջին անգամ թունելի վերջում լույս եմ տեսնում: Այսօր քաղաքային իշխանությունը ճիշտ ուղղության վրա է: Սպանդով խնդիրը երբեք չէր լուծվելու: Իրականում ստերջացումն այն միակ միջոցն է, որի շնորհիվ կարող ենք հասնել այն բանին, որ փողոցներում թափառող կենդանիներ չլինեն: Ստերջացված շունը չի ունենում ձագեր, չի կազմում ոհմակ, ինչն այսօր այնքան անհանգստացնում է մեր քաղաքացիներին» ,- նշում է «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը:

*

*