«Սեր ունենաս տեխնիկայի հանդեպ` ամեն ինչ էլ կկարողանաս անել»,- ասում է տանկիստը

Հրամանատարի խոսքով՝ պարբերաբար անցկացվող վարժությունների շնորհիվ զինվորները գերազանց են կատարում իրենց պարտականությունները:

Հայաստանի զինված ուժերը հոկտեմբերի 8-ին տոնեցին Տանկիստի օրը: Մեր տանկային ստորաբաժանումները ստեղծվել են Հայոց բանակի կազմավորման հետ միաժամանակ: Իսկ 1996 թվականից սկսած` հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր: Հենց տանկային ստորաբաժանումներն են կազմում ՀՀ ցամաքային զորքերի անբաժանելի մասը եւ հիմնական հարվածային ուժը:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին եւ Արցախյան պատերազմի ժամանակ հայ տանկիստներն աչքի են ընկել իրենց խիզախությամբ եւ գրագետ մարտավարությամբ, որի շնորհիվ կարողացել են վարել բազմաթիվ նշանակալից մարտեր, նվազագույնի հասցնել հակառակորդի ռազմական գերազանցությունը սպառազինության ոլորտում: Հայ տանկային ստորաբաժանումները գերազանց կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրները հարձակման եւ պաշտպանության գծում եւ նրանց շնորհիվ է, որ ՀՀ ԶՈՒ-երն այսօր ունեն մարտունակ ու կայացած տանկային զորքեր: Հայ տանկիստներն իրենց հիանալի դրսեւորեցին նաեւ մեր օրերում՝ ապրիլյան ակտիվ պատերազմի ժամանակ:

«Ես երբեմն երազել եմ տանկային զորքերում ծառայել ու իմ երազանքը կատարվել է, որի համար շատ ուրախ եմ: Ես տանկի հրամանատար եմ, լավ տիրապետում եմ իմ մասնագիտությանը: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է կրտսեր սերժանտ Հակոբ Գալոյանը:

Կրտսեր սերժանտ Գալոյանն արդեն 21 ամիս է՝ ծառայում է Հայոց բանակում: Չէր աում՝ երեք ամսից զորցարվելու է, անընդհատ շեշտում էր, թե որքան ժամանակ է ծառայում զինված ուժերում։

Հրամանատար, նշանառու-օպերատոր կամ մեխանիկ-վարորդ. կապ չունի՝ որ մեկը կստացվեր,- ասում է Հակոբը,- միայն թե երազանքն իրականանար ու տանկային զորամասում հայտնվեր:

Վարել մանկուց է սիրել, իսկ հիմա ուրախ է, որ այս հսկա տանկի անձնակազմի երեք եղբայրության պատասխանատու գործերից մեկն իրեն են վստահում:

«Լարվածություն չկա, սովորական է արդեն մեզ համար դարձել: Ճիշտ է՝ մարտական դեռ չէինք քշել, բայց պատկերացնում ենք, դուխով, հոգով սրտով ամեն տիպի պատրաստված ենք»,- նշում է կրտսեր սերժանտը:

Հակոբի ընկերը՝ Ստեփանը, տանկ առաջին անգամ հեռուստացույցով ցուցադրվող շքերթի ժամանակ էր տեսել: Այս հսկա հրասայլի պատկերը դաջվել էր փոքրիկի ուղեղում ու հոգին տանջել. միշտ հետարքրքում էր՝ ներսում ով, ինչ գործ է անում: Ամիսներ առաջ երբ հայտնեցին, որ պետք է տանկային զորամասում ծառայի, շատ ուրախացավ. մանկական այդ հետարքրությունը վերջապես կբավարարվեր:

«Մեխանիկի տեղը, նշանառուի տեղը, հրամանատրի տեղը, թե ինչ գործողություններ են իրենք կատարում, ամեն ինչն էլ հետաքրքիր է, դուք էլ կարող եք մտնել-նայել, ամեն ինչ տեսնեք, բայց մերն ուրիշ է»,- ասում է Ստեփան Տեր-Մկրտչյանը:

Հարցին՝ ի՞նչ է հարկավոր տանկիստին այս պատասխանատու գործը պատվով կատարելու համար, պատասխանում է.

«Սեր պետք է ունենաս տեխնիկայի հանդեպ, սեր ունեցար քշել, կրակել, հրամայել, ամեն ինչ էլ կկարողանաս անել»:

Զորացրվելուց հետո Հակոբն ու Ստեփանը ամեն տարվա հոկտեմբերի 8-ին այս վարժություններն են հիշելու. նշելու են իրենց՝ Տանկիստի տոնը: 1992 թվականի այդ օրն, ավարտվեց Հայոց Զինված ուժերի տանկային զորամասի ձեւավորումը, իսկ հետագա տարիներին` շարունակեցին կատարելագործվել տանկային ստորաբաժանումները: Դրանց դերը չափազանց մեծ էր Արցախյան գոյապայքարում: Ազատամարտի թեժ մեկնարկին Հայոց բանակն ուներ ընդամենը մի քանի տանկ, որոնց մեծ մասը՝ հակառակորդից գրավված: Իսկ այսօր արդեն մեր հզոր տանկիստների շնորհիվ բանակը համալրվել է անգամ միջազգային մրցույթում հաղթած տանկով: Ապացույցն է՝ այս տարվա ապրիլին Հայաստան բերված «Տանկային բիաթլոն-2014»-ում նվաճած գերժամանակակից Տ-90-ը:

«Այս գումարտակի տանկային անձնակազմը նույնպես փայլում է իր պատրաստվածությամբ»- ասում է հրամանատարը:

Նման գործնական մեքենավարման պարապմունքներ հաճախակի են լինում: Հրամանատարի խոսքով՝ պարբերաբար անցկացվող այս վարժությունների շնորհիվ զինվորները գերազանց են կատարում իրենց պարտականությունները:

«Նրանք այս պահին պատրաստ են եւ տիրապետում են իրենց տեխնիկային ամբողջությամբ, գերազանց գիտեն իրենց պարտականությունները, տեխնիկան ամբողջությամբ մարտունակ եւ սարքին վիճակում է, անձնակազմը գերազանց տիրապետում է իր պարտականություններին»,- նշեց Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արթուր Համբարձումյանը:

*

*