Թանկացումներին լավ վերաբերվել անհնար է․ Աղվան Վարդանյան

Այս ամենով հանդերձ, Վարդանյանը սոցիալական բունտի համար նախադրյալներ չի տեսնում:
aghvan vardanyan

yerkir.am— Թանկացումներին լավ վերաբերվել անհնար է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով որոշ ապրանքների գնաճին:

«Խնդիր կա, և այդ խնդիրը կառավարությունը պետք է փորձի կարգավորել: Նախ` թույլ չտալ, որ այն, ինչ Հարկային օրենսգրքով սահմանված է, դրանից ավելի փորձեն տնտեսվարող որոշ սուբյեկտներ օգտվել և լրացուցիչ եկամուտի աղբյուր հայթայթել: Որքան ես տեղյակ եմ, գոնե սեղմված գազի գինն է հիմնականում դժգոհություն առաջացրել, ինչը պայմանավորված է ակցիզային հարկի ավելացմամբ: Որքան ակցիզային հարկն ավելացել է, նույն այդ չափով էլ գազալցակայաններն են ավելացրել»,- ընդգծեց պատգամավորը:

Ըստ Վարդանյանի` խոսքը վերաբերում է նաև ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հետ կապված հարցերին, սակայն բնական է, որ այստեղ կան նաև այլ շերտեր: «Եկամտահարկի պարագայում բոլորը դժգոհում են, որ աշխատավարձերից պահումներն ավելանալու են. եթե ավելի օբյեկտիվ լինենք, նույն սոցիալական արդարության տեսակետից նայենք, ապա բացարձակ մեծամասնությունը աշխատավարձ են ստանում մինչև 150 հազար դրամի տիրույթում, այլ խոսք է, իհարկե, թաքնված զբաղվածությունը, սև աշխատավարձերը և այլն, բայց գոնե վիճակագրությունն այդպիսին է: Նոր օրենսգրքով, այդ բացարձակ մեծամասնության պարագայում եկամտահարկը նվազում է, այս մասին ոչ ոք չի խոսում, խոսում են միայն 150 հազարից վերև երկու տոկոսով եկամտահարկի բարձրանալու մասին»,- ասաց նա:

Վարդանյանը շեշտեց, որ եթե նայենք վիճակագրությանը կտեսնենք, որ շատ ավելի մեծ թվով մարդիկ օգտվում են, փոքր թվով մարդիկ են տուժում:

Այս ամենով հանդերձ, Վարդանյանը սոցիալական բունտի համար նախադրյալներ չի տեսնում:

«Ես խորապես համոզված եմ, որ մենք ունենք սոցիալական լուրջ խնդիրներ և դա ակնհայտ է, բայց դրա լուծման ճանապարհները ևս պարզ են, սոցիալական բնույթի մեծ ցնցումներ ես Հայաստանում չեմ կանխատեսում և դա ունի իր բազմաթիվ պատճառները: Մեր անկախ պետականության փորձն է ապացուցել»,- եզրափակեց նա:

*

*