Թալիշցիներն, անկախ վտանգից, պատրաստ են յուրաքանչյուր պահի վերադառնալ գյուղը

Վարդանը Երեւան է եկել հարազատների հետ: Ասում է առաջին անգամ է այստեղ, քաղաքը շատ գեղեցիկ է, բայց վերադառնալու է:

12-ամյա Վարդանը Թալիշ գյուղից է, որն ադրբեջանական հարվածներն առաջինն իր վրա վերցրեց: Լինելով Արցախի ամենահյուսիսարեւելյան գյուղը՝ Թալիշը հաճախ է հայտնվում հակառակորդի ուշադրության կենտրոնում ու թիրախում։ Բայց այն ինչ կատարվեց ապրիլի մեկի գիշերն, անսպասելի է եղել անգամ կրակոցների սովոր Վարդանի համար:

«Գիշերը հանգիստ քնած էինք, մեկ էլ սկսեցին»,- ասում է Վարդան Խալափյանը:

Վարդանը Երեւան է եկել հարազատների հետ: Ասում է առաջին անգամ է այստեղ, քաղաքը շատ գեղեցիկ է, բայց վերադառնալու է: Այնտեղ են մնացել իր դպրոցն, ընկերները, սիրելի գյուղը:

Համառորեն Արցախ վերադառնալու ցանկություն ունեցող Վարդանի հարազատները Թալիշում ադրբեջանական վայրագությունից են տուժել: Շատ լավ գիտեն, ովքեր են այս վայրագության հեղինակները, պատասխանը հայ զինվորները տվել են:

Ամեն ինչ հանկարծակի սկսվեց, հիշում է Թալիշի դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցը: Մինչեւ Երեւան հասնելը գնացել է գյուղ, համոզվել, որ ադրբեջանցիների հետքն անգամ այնտեղ չի մնացել:

Ղարաբաղի հյուսիսային դարպաս համարվող Թալիշը 1550 տարվա պատմություն ունի: Գյուղում ապրողները պատերազմի սովոր են, գիտեն նաեւ այդ խաղաղության գինը: 1993 թվականին՝ մեկ տարի գերության մեջ մնալուց հետո, Շահումյանի եղնիկները հետ վերադարձրեցին Թալիշը: Վերջին քսան տարիներին էլ խաղաղ կռիվ էին տալիս՝ Թալիշը շենացնելով: Հենց հանդարտվի, նորից վերադառնալու են. հանուն Թալիշի ամենաթանկը տված զինվորների գործը կիսատ թողնելու իրավունք չունեն:

*

*