Թալիշցիները դժգոհ են տրամադրված կացարաններից. «Այստեղ մնալու տեղ չէ. ո′չ բուժկետ կա, ո′չ դպրոց»

«Նրանք, ովքեր ուղարկել են մեզ այստեղ, այստեղ կապրեի՞ն: Չէ, չէին գա, հնարավոր չէ»,- նշում է Սամվել Խաչատրյանը:

Դարձյալ ուշադրության կենտրոնում թալիշեցիների խնդիրներ ն են, այս անգամն էլ այն ընտանիքների, որոնք ժամանակավոր ապաստանել են Մարտակերտի շրջանի այլ գյուղում:

«Այստեղ մնալու տեղ չէ, այստեղ ո′չ բուժկետ կա, ո′չ դպրոց, ո′չ էլ մանկապարտեզ, ժողովուրդն էլ՝ անգործ է: Այստեղ մնանք ի՞նչ անենք: Եթե հանկարծ երեխան հիվանդանա, ի՞նչ պիտի անենք: Մինչեւ հասցնենք քաղաք, երեխուն կկորցնենք»,- ասում է Լիանա Աբրահամյանը:

Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայր տեղափոխված Թալիշեցի Լիանա Աբրահամյանն այս հարցերն է բարձրացնում. ի՞նչ պետք է անել, եթե երեխան հիվանդանում է: Դե, եթե երեխան հիվանդանում է պետք է դեղատնից դեղ գնել, եթե չօգնի՝ շտապօգնություն կանչել, կամ էլ երեխային տեղափոխել հիվանդանոց: Բայց չէ՞ որ դեղատուն պիտի լինի՝ դեղ գնելու համար, փոխադրամիջոց պիտի լինի՝ երեխային հիվանդանոց հասցնելու համար:

«Նրանք, ովքեր ուղարկել են մեզ այստեղ, այստեղ կապրեի՞ն: Չէ, չէին գա, հնարավոր չէ: Միայն հեռախոս կա այստեղ: Իսկ հեռախոսը մեզ համար ո՛չ ավտոբուս է, ո՛չ էլ հիվանդանոց»,- նշում է Սամվել Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ իրենց ապրանքների մի մասը մնում է Ստեփանակերտում, եւ կրկին տրանսպորտի բացակայության պատճառով, չեն կարողանում տեղափոխել:

Գեղատեսիլ բնություն ունեցող Ալաշան են տեղափոխվել շուրջ 20 ընտանիք: Բնակավայրում եւս 6 ընտանիքի համար տուն կա, սակայն, ինչպես կես կատակ, կես լուրջ ասում են «տնավորված» թալիշցիները՝ ամառը վերջանում է, հանգստի գոտի գալիս են, որ ի՞նչ:

«Մի քիչ որ ցրտի, խոհանոց էլ չենք ունենա»,-ասում են նրանք:

«Վաղը, եթե, Աստված չանի, կռիվը սկսվի, ո՞վ է գալու այստեղից ժողովուրդին հանի: Ինչպես Թալիշից էին հանել, նույնպես էլ այստեղից են հանելու: Տեր չկա ժողովուրդի գլխին այստեղ: Սուտ խոստումներ են տալիս, գնում»,- իր անհանգստությունն է հայտնում Սամվել Խաչատրյանը:

Աղջիկները բաղնիքից են վերադառնում: Եղանակը տաք է, այդ պատճառով տնից 30-40 մետր հեռավորության վրա գտնվող բաղնիքի ճանապարհը, գուցե եւ կարճ է թվում: Ձմռանն արդեն դժվար կլինի։

«Շենքը հնարավորություն չի տալիս, որ յուրաքանչյուր ընտանիքի համար առանձին սանհանգույց կառուցենք: Այդ շեքը այդպիսի հնարավորություններ չունի, այնտեղ ո′չ ջրամատակարարման խնդիր կա լուծված, ո′չ ջրահեռացման խնդիր կա լուծված: Իսկ այդ ամենը ստեղծելով փոքրանալու է բնակարանների մակերեսը: Պիտի նշեմ, որ այդ բնակարանները հարմարեցված բնակարաններ են, եւ ոչ թե մշտապես ապրելու համար: Այս պահին պետության հնարավորություններն այդքան էին»,- նշում է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Հուզող այլ խնդիրներ եւս կան: Հերմինե Սահակյանը  առանձնացնում է հիգիենայի խնդիրը:

«Ամենակարեւորը հիգիենան է, տեսեք քանի ընտանիք է օգտվում այդ բաղնիքից: Իսկ եթե բաղնիքն ընդհանուր է, դա վարակի աղբյուր է: Հարմարվում ենք, բայց չգիտեմ, թե այս հարմարվելն ինչքան կտեւի, չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վերջը: Անորոշ է»:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ Ալաշանի բնակավայրը ժամանակավոր կացարան է եւ Մարտակերտի շրջանի Կիչանի Նոր Կիլիկիա թաղամասի տների շինարարությունը վերջացնելուց հետո Ալաշանի բնակիչները պետք է տեղափոխվեն այնտեղ: Օգոստոսի վերջին բնակարանամուտն է։
Նոր Կիլիկիա թաղամասի գլխավոր շինարար Սիսակ Կոստանյանի խոսքով բոլոր բնակարանները ջրամատակարարվում են.

«Տներում նախատեսված է բաղնիք՝ իր սանհանգույցներով, խոհանոցով, տեղադրված է ամեն ինչ, բոլոր բնակարանները ջրամատակարարվում են, բոլոր բնակարաններում կան արիստոններ՝ էլեկտրական, տաք ջրով ապահովված, ջեռուցումն էլ էլեկտարական է նախատեսված: Հուսով ենք շինարարությունը ավարտել օգոստոսի վերջին»,- նշում է գլխավոր շինարարը:

Չնայած թալիշցիները դեռ հույս ունեն վերադառնալ իրենց գյուղ, բայց հիմա անգամ իրարից հեռու ապրելը նույնպես բացառում են:

«Եթե Թալիշում ապրելն այլեւս հնարավոր չէ, ապա թալիշի փախստականները պետք է ապրեն միասին, Նոր Թալիշ հիմնելու միջոցով: Այս ընտանիքների հավաքական ձեւով այստեղ տեղափոխվելը եւ թեկուզ ժամանակավորապես բնակվելը, կարծում եմ, համայնքի կարգավիճակի վերականգնման գործնական քայլ է:»,- ասում է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:

Կարեն Շահրամանյանի խոսքով՝ տեղանքն ունի բոլոր հնարավորություններն այդ քանակությամբ բնակարաններ կառուցելու համար: Սակայն ԼՂՀ Կառավարությունը դեռ չի որոշել, թե ինչ է լինելու թալիշցիների ճակատագիրը: Իսկ ինչպես հայտնեցին ԼՂՀ Սոցիալական հարցերի նախարարությունից, գրավոր որոշում անգամ չկար՝ թալիշցիներին Ալաշան տեղափոխելու մասին: Ուղղակի զանգել եւ հանձարարել էին նախարարությանը կազմակերպել մարդկանց տեղափոխումը:

Չնայած բազում խնդիրների, այս մարդիկ այսօր ապրում են Նոր Թալիշ հիմնելու երազանքով:

«Պետական բյուջեն այս պահի դրությամբ այդպիսի հնարավորություններ չի ունենալու: Մենք կարող ենք խնդրել Հայաստան համահայկական հիմնադրամին եւ այլ հովանավորներին եւ համապատասխան միջոցների հատկացումից հետո, սկսենք աշխատանքները»,- ասում է Կարեն Շահրամանյանը:

Ըստ նախնական հաշվարկների՝ երեք սենյականոց առանձնատուն կառուցելու համար պետք է 22-ից 23 միլիոն դրամ:

Պատրաստվում էինք հեռանալ գյուղից, երբ 7 ամսեկան երեխան գրկած Լիանան մոտեցավ եւ նորից հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, եթե երեխան հիվանդանա…»:

 

*

*