Ի՞նչ կցանկանաք՝ սո՞ւրճ, թե՞ թեյ…

Ամենահաճելի զրույցները՝ սուրճի կամ թեյի սեղանի շուրջ
surch-tey

Դեկտեմբերի 15-ը թեյի միջազգային օրն է: Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներում այս օրը նշվում է թեյի օգտակար հատկությունների վրա մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրելու համար:

Թեյ, թե՞ սուրճ…այս հարցերի կողքին թեյասերների և սրճասերների մի մեծ բանակ է հավաքվում: Ոմանք իրենց առավոտն առանց սուրճի չեն պատկերացնում, մի մասն էլ՝ ինչ  ձմեռ և գիրք առանց տաք թեյի, երկուսը համատեղողներն էլ քիչ չեն հանդիպում:

Թեյի և սուրճի նախընտրությունը նաև տարբեր երկրների, տարածքների սովորույթներից և առանձնահատկությունից է բխում:

Շանթ Հայրապետյանը երկար տարիներ ապրել է Սիրիայում և փաստում է, որ սուրճ այնտեղ գրեթե չի օգտագործել.«Մարդկանց մեծամասնությունն այնտեղ թեյի կողմնակից է, ես սուրճ սկսել եմ խմել, երբ տեղափոխվել եմ Հայաստան բնակվելու: Սիրիայում սև թեյ էինք շատ օգտագործում: Այժմ դրա փոխարեն սուրճ եմ խմում, թեյ սիրում եմ գիշերը խմել, երբ շուրջս լուռ և հանգիստ է, ինչպես նաև գիրք կարդալիս»:

Մեր երկրում թեյի և սուրճի նախընտրությամբ տարբեր մարզերով և բնակավայրերով են առանձնանում:

Օրինակ՝ Գորիսում տարբեր թեյեր իրենց պատմությունն ունեն, գորիսեցիներն էլ իրենց ի ծնե թեյասեր են համարում:

Քրիստինե Շեգունցը , ով ծնվել և մեծացել է Գորիսում, պատմում է, որ իրենք օրական ամենաքիչը 10 բաժակ թեյ են խմում և պարտադիր բուսական շաքարով: Բոլոր ընտանիքներն ունեն տարբեր խոտաբույսերի մասին գրքեր և լավ տեղեկացված են թեյերի բուժիչ հատկություններից. «Ամռանը բոլորը գնում եմ խոտաբույսեր հավաքելու, որոնցից թեյ են պատրաստում: Անգամ մեծ մրցակցություն կա, թե որ ընտանիքն ավելի շատ խոտաբույս կհավաքի: Երեկոները ընտանիքով, հարազատներով հավաքվում ենք թեյի սեղանի շուրջ, խմում ենք փոքր, ապակե բաժակներով: Ամռանը դրսում ենք հավաքվում թեյախմության, ինքնաեռով թեյ ենք եփում»:

Իսկ Շիրակի մարզում, ամենասիրելի հյուրին պարտադիր սուրճ են հյուրասիրում, այն նաև հետաքրքիր միջնորդ է դառնում հարևանների, հարազատների միջև հաճելի զրույցների համար:

Ըստ թեյի կամ սուրճի նախընտրության՝ անգամ բնավորության գծեր և հոգեբանական առանձնահուտկություններ են տարբերակում: Համացանցը ողողված է այնպիսի հոդվածներով, թե օրինակ թեյը կամ սուրճը ինչ հոգեբանական առանձնահատկություններով մարդիկ են ընտրում: Մենք նաև փորձեցինք հոգեբանից պարզել կա որևէ հոգեբանական վարքագիծ թեյ կամ սուրճ նախընտրելու համար. «Թեյի և սուրճի ընտրության հետ կապված լուրջ վերլուծություններ չկան: Դրանք մակերեսային տեղեկություններ են: Այն զուտ պայմանավորված է մարդու սննդային վարքով»,-նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Ինչ խոսք, երկուսն էլ հաճելի են անկախ բնավորության առանձնահատկություններից, երբ ուղեկցում են քեզ աշխատանքի լարված պահերին, գիրք կարդալիս կամ պարզապես ժամանակդ լռության մեջ վայելելիս: Պատահական չէ, որ կան և սուրճի և թեյի համաշխարհային օրեր, շատ պատմություններ և առասպելներ, չափից շատ թեյասերներ և սրճասերներ, իսկ ամենահաճելի զրույցներն էլ անպայման սուրճի կամ թեյի սեղանի շուրջ են ծնվում:

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*