Սուրբծննդյան տոնավաճառը կբացվի դեկտեմբերի 20-ին

Կվաճառվեն Ամանորի և սուրբծննդյան թեմայով հուշանվերներ, քաղցրեղեն, ըմպելիք:
surbcnndyan-tonavajar

Երևանի 2750-ամյակի այգում կբացի սուրբծննդյան տոնավաճառ՝ «Christmas market»-ը:

Թե ինչու՞ ոչ Հյուսիսային պողոտայում և ոչ մասնավորի հետ՝ քաղաքապետարանը պարզաբանում է. նախկինում կրպակները տնտեսվարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության: Նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել: Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով:

«Ձևաչափի փոփոխությունը մեզ համար կարևոր սկզբունք էր, քանի որ տոնավաճառը չէր կարող լինել միայն վաճառքի վայր: Այն պետք է մաս կազմեր մեր ընդհանուր միջոցառումների և ունենար մշակութային բաղադրիչ: Գրեթե ամեն օր այս տարածքում կլինի հետաքրքիր երաժշտություն, հայկական խոհանոցի համտեսի հնարավորություն: Կարծում եմ, քաղաքապետարանի այս ձևաչափով տոնավաճառի կազմակերպումը նաև խրախուսելի է, որովհետև պահպանվում է հավասարության սկզբունքը: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ Հյուսիսային պողոտայում կլինի եղևնիների ցուցադրություն»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

2750-ամյա այգում՝ շատրվանների երկու ուղղությամբ ձգվող ճեմուղիներում, կտեղակայվեն տոնավաճառի 40 տնակ-կրպակները:

Տոնավաճառը կանցկացվի դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը: Կվաճառվեն Ամանորի և սուրբծննդյան թեմայով հուշանվերներ, քաղցրեղեն, ըմպելիք:

Հանրապետության հրապարակի «Հեքիաթային քաղաքի» դռները կբացվեն դեկտեմբերի 21-ին, երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։

*

*