Աղի բլիթները չմոռանաք

Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի քայլերթ կանցկացվի
surb-sargis

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին հոգևոր-մշակութային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքում և մարզերում: Երիտասարդների և զինվորների օրհնության կարգ կանցկացվի Սուրբ Սարգսի անունը կրող մի շարք եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը տեղեկացնում է, որ տոնական միջոցառումները կմեկնարկեն հունվարի 26-ին: Այսօր  ժամը 16:00-ին Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցում կկատարվի խաչերի օրհնության կարգ, որից հետո երիտասարդները Ս. Սարգսին մարմնավորող ձիավորի ուղեկցությամբ օրհնված խաչերը կբաժանեն երիտասարդներին:

18:00-21:00-ին «Բուկինիստ» գրախանութում կամփոփվի «Իմ գաղտնի գրքաՍեր» խաղը, որի մասնակիցները գրքերով իրենց սիրո խոստովանությունն են արել՝ գրախանութի միջոցով գաղտնի նվեր թողնելով իրենց սիրելիներին:  Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Կտոր մը երկինք» խումբը (Արև և Աստղ Մախսուդյաններ):

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի Հսկման ժամերգություն (17:00-19:00-ին ), Արարատի Ս. Հակոբ  եկեղեցում կկազմակերպվի Երիտասարդների օրհնության կարգ և երիտասարդներին նվիրված համերգային ծրագիր(17:00-ին ):

Օրը չամուսնացած երիտասարդների համար կավարտվի աղի բլիթ ուտելով: Ըստ ավանդության` այն երջանիկները, ովքեր երազում անծանոթից ջուր կստանան, այդ տարի կգտնեն իրենց սիրեցյալին:

Շաբաթ օրը` հունվարի 27-ին, Սուրբ Սարգսի մասունքակիր Աջը, 17-րդ դարի Ավետարանը կբերվեն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

14:30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի քայլերթ կանցկացվի, որտեղ էլ տոնական համերգ  կլինի:

 

*

*