Հայ Առաքելական եկեղեցին նշում է հայտնի եւ անհայտ սրբերի տոնը

Քահանան ասում է՝ կատարյալ ու անմեղ էր միայն Քրիստոս, իսկ սրբերը ձգտում էին կատարելության:
Հայտնի եւ անհայտ, հին եւ նոր սրբերի տոնն է նշում Հայ Առաքելական եկեղեցին: Տոնացույցում հատուկ օրեր են սահմանվել` հիշատակելու համար այն սրբերին, որոնք խիզախ կյանքով, զրկանքների, չարչարանքների ենթարկվելով ու անգամ նահատակությամբ վկայել են Աստծո նկատմամաբ իրենց հավատը, տարածել Քրիստոսի խոսքն ու կամքը: Սակայն քրիստոնեական հալածանքների եւ հավատի համար մղված պատերազմներում շատերն են նահատակվել, բայց նրանց անունները չեն պահպանվել եւ միայն Աստծուն են հայտնի: Բոլոր սրբերին նվիրված տոնով՝ հայ եկեղեցին հիշատակում է նաեւ նրանց:
«Սրբերը մեզ նման մարդիկ էին՝ մարդկային թերություններով, տկարություններով, բայց իրենք մեծ կամք ունեին եւ շատ ջերմ սիրով սիրեցին Տիրոջը, իրենց կյանքի նպատակն եղավ Աստծուն մերձենելը, հասնելը, ապրել իրենց կյանքը Աստծո կամքի, պատվիրանների համաձայն»,- ասում է Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը:
 
Աստվածաշնչում Քրիստոս պատգամում է՝ «Եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»: Քահանան ասում է՝ կատարյալ ու անմեղ էր միայն Քրիստոս, իսկ սրբերը ձգտում էին կատարելության: Նրանց կյանքը ոգեշնչող օրինակ է բոլորի համար: Քրիստոնեական եկեղեցին ընդունված է բաժանել 2 մասի՝ Հաղթական եւ Մարտնչող: Մարտնչող եկեղեցի կազմում են աշխարհում ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի եւ մեղքի դեմ: Հաղթական եկեղեցին կազմում են մեղքին հաղթած եւ Երկնքի Արքայությանն արժանացած սրբերը:
 
«Իրենք էլ երկնքից իրենց բարեխոսությամբ մասնակից են մեզ՝ իրենց բարեխոսությամբ օգնում են մեզ, որ մենք էլ մեր բարի պատերազմը կարողանանք հաղթանակով ավարտել եւ միանալ իրենց գնդերին»,- ասում է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: 
 
Հայ եկեղեցու տոնացույցում բազմաթիվ են սրբերի հիշատակություն տոները: Անցյալ տարի դրանց ավելացավ եւս մեկը. 400 տարվա ընդմիջումից հետո Հայ Առաքելական եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության ընթացքում հանուն հավատի եւ հայրենիքի նահատակվածներին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները