Բողոքի ակցիա՝ Ստեփանակերտում — Երկիր Մեդիա

Բողոքի ակցիա՝ Ստեփանակերտում

Պահանջում են ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը
stepanakert-boxoqi-akcia2 (1)

Այսօր՝ հունիսի 2-ին, մի խումբ երիտասարդներ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում բողոքի ակցիա են սկսել՝ փակելով փողոցի երթևեկելի հատվածը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բողոքի մասնակիցներին վրդովեցրել է հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ԱՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մի խումբ զինծառայողների մասնակցությամբ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքը:

Ինչպես նշել է ակցիայի նախաձեռնող Դավիթ Սիմոնյանը, իշխանությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի մեղավորներին պատժելու համար:

«Մենք պահանջում ենք ուժային կառույցների համապատասխան ղեկավարների հրաժարականը, քանի որ անընդունելի է համազգեստով ծառայողների մասնակցությամբ մայրաքաղաքի մեջ ծեծկռտուք կազմակերպելը: Բոլոր պատասխանատուները պետք է ազատվեն աշխատանքից և պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Դ. Սիմոնյանը:

Ակցիայի մասնակիցների պահանջը լսելու նպատակով դեպքի վայր են ժամանել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը, Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանը և Լեռնիկ Հովհանիսյանը:

Ավելի ուշ բողոքի մասնակիցներին իր աջակցությունն է հայտնել նաև ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Իշխանության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առաջադրված խնդիրները լուծվելու են օրենքի շրջանակում, և բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու: Սակայն նախաձեռնության հեղինակ Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, որ մինչև չկատարվի ցուցարարների պահանջը, իրենք շարունակելու են իրենց բողոքի ակցիան:

 

*

*