Երկրաշարժից 29 տարի անց. քանի՞ ընտանիք է սպասում բնակարանի

...Շիրակում ու Լոռիում
gyumri-domik
Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի

Սպիտակի երկրաշարժից անցել է 29 տարի: Աղետի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ մնացին անօթևան: Նրանցից շատերն այսօր ունեն բնակարաններ, որոշներն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, մի մասն էլ արտագաղթել է:

yerkirmedia.am-ը զրուցել է Շիրակի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչների հետ և պարզել՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քանի՞ ընտանիք է ստացել բնակարան կամ ֆինանսական աջակցություն և քանիսի կացության խնդիրն է մինչ օրս չլուծված:

«Այս տարի 84 ընտանիքի վկայագիր է տրամադրվել, որից 82-ը Գյումրիում բնակարան է ձեռք բերել: Նրանք «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման» կառավարության ծրագրի վերջին շահառուներն էին:

13 համայնքների 170 անօթևան ընտանիքներից 8-ին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել, 12 ընտանիք Արթիկ համայնքում վկայագրի միջոցով բնակարան է ձեռք բերել»,- այս տարի իրականցված աշխատանքների մասին պատմում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Նրա հաղորդմամբ՝ Գյումրու քաղաքապետարանի հերթացուցակում գրանցվել է 4271 ընտանիք, որոնցից ավելի քան 3200-ը ստացել են բնակարաններ կամ վկայագրեր: Ցուցակում 1000 ընտանիք է մնացել, նրանցից մոտ 400-ը մերժվել է (բնակարանային պայմանները բավարար են եղել, ժամանակին չեն հերթագրվել, համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել…), նրանց նկատմամբ պետական պարտավորությունը հայտարարվել է դադարեցված: «Երկրաշարժի ժամանակ սեփական բնակելի տներ կորցրած 98 ընտանիք ծրագրի շահառու չի համարվում, բայց հերթացուցակում են, հաջորդ ծրագրում նրանց բնակարան կտրամադրվի: Այս ցուցակում հերթագրված 155 ընտանիքի Քաղաքաշինության նախարարության հանձնաժողովը շահառու չհամարեց, քանի որ տարբեր տարիների ընտանիքների մի մասը ստացել էր համարժեք փոխհատուցում, իսկ մյուսը մնացել էր անօթևան»:

Ճշգրիտ տվյալներ չկան, թե երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քանի ընտանիք է ապրում տնակներում. «Մարզի 13 գյուղական բնակավայրերում 162 ընտանիք ժամանակավոր կացարաններում է ապրում, սակայն նրանց թիվն ավելի մեծ է Գյումրի քաղաքում՝ 2000 ընտանիք, որոնց գերակշռող մասը երկրաշարժի  պատճառով չէ, որ անօթևան է, օրինակ՝ մարդիկ բնակարան են ստացել և վաճառել այն կամ գյուղից են եկել և տնակ վարձակալել: Կոնկրետ հաշվարկ չկա, թե այդ ընտանիքներից որո՛նք չունեն փոխհատուցման իրավունք: Գյումրու քաղաքապետարանում գույքագրում է կատարվում, երբ դա ավարտվի, նոր տվյալներ կստանանք»:

Լոռու մարզպետի խորհրդական Լևոն  Ասլանյանը նույնպես չի կարող հստակ տվյալներ ասել՝ մարզում քանի ընտանիք է ապրում տնակներում, փոխարենը նշում է, որ գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 345 ընտանիք սպասում է բնակարանային խնդիրների լուծմանը: «Նրանց մեջ կան ընտանիքներ, որոնք տնամերձերում ունեն անավարտ շինություններ. «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-ը մինչև սնանկ ճանաչվելը որոշակի աշխատանքներ էր կատարել դրանց վրա: Այդպիսի 145 անավարտ տուն գտնվում է մարզի 16 գյուղական համայնքերում»:

Լ. Ասլանյանի հաղորդմամբ՝ Սպիտակ քաղաքում մեկ սենյակի հավակնող 50 ընտանիք է հերթագրված եղել: Կառավարությունը հատկացրել է 225 մլն դրամ, որպեսզի այդ ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրվի, յուրաքանչյուրին՝ 4.5 մլն դրամ: Այդպիսով փորձել են լուծել Սպիտակ քաղաքի խնդիրը:

«Յոթ ընտանիք բնակարան ստանալու իրավունքը դատական կարգով է վերականգնել: Նրանցից 6-ը գյուղական բնակավայրերից են, յուրաքանչյուրը ստացել է 3 մլն դրամի չափով աջակցություն, իսկ 7-րդը Սպիտակ քաղաքից էր և հավակնում էր 4 սենյականոց բնակարանի: Այդ ընտանիքին տրամադրվել է 7.5 մլն դրամի գնման վկայագիր»,- նշում է մարզպետի խորհրդականը:

Այսպիսով, Սպիտակի տարածաշրջանի 14 գյուղերում կառուցվել և հանձնվել է 742 բնակելի տուն, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջանների 345 ընտանիք դեռ սպասում է: Խնդրին առնչվող բոլոր հարցերը, ըստ մեր զրուցակցի, նախատեսվում է լուծել մինչև 2020 թվականը:

gyumri-tnak

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*