Սպան կկարողանա բնակարան ստանալ գրանցումից հետո 3 տարվա ընթացքում

Մինչ այսօր համապատասախան ծրագրով բնակարան է ստացել 1700 սպա:
bnakaran

ՀՀ զինված ուժերում ծառայող սպաներին կհատկացվեն բնակարաններ մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ առավել հարմար պայմաններով: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ առաջարկվում է գործող կարգը փոխարինել հատուկ բնակարանային կարգով:

Մինչ այսօր համապատասախան ծրագրով բնակարան է ստացել 1700 սպա: 2 անգամ ավելի սպա էլ հերթագրված է: Նախարարի խոսքով՝ ցուցակում գրանցված են նաեւ այնպիսի զինվորականներ, որոնք իրականում բնակարանային խնդիր չունեն: Նոր ծրագրով փաստաթղթեր կեղծելու կարիք չի լինի:

«Յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հայրական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ այդ ծրագրից օգտվելու իրավունք է ստանում:  Որեւէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի», — ընդգծեց նա:

Եթե ծրագիրը հաստատվի, կոպիտ հաշվարկով` սպան կկարողանա բնակարան ստանալ գրանցումից հետո 3 տարվա ընթացքում: Կվճարի միայն մայր գումարը, որը կմարի 20 տարում: Ընդ որում` որոշակի զեղչով։ Ամսական կվճարի մոտ 60-70 հազար դրամ:

Եթե սպան առաջնագծում է ծառայում և ստացել է ծառայողական բնակարան, կարող է Երևանում ստացած բնակարանը նաև վարձով տալ և վարձավճարից էլ բնակարանի վարկը վճարել:

Պատրաստեց՝

Իզաբելլա Հովհաննիսյանը

*

*