Սովետը, ջինսի սերունդը եւ թավշյա հեղափոխությունը

Առաջինը տիեզերք թռած երկիրը ջինս չէր արտադրում
pak-poxoc-0205

Ես անկախության սերնդից եմ: Փոքր տարիքից եմ լսել «այ, Սովետի ժամանակ….», « մեր ժամանակ….» խոսքերը, և միշտ եղել է այն գիտակցությունը, որ ինձնից առաջ լրիվ ուրիշ աշխարհ է եղել։ Միշտ իմ աչքին տարօրինակ իրերը «սավետսկի» որակելով՝  բնական եմ համարել, որ չեմ ընկալի դրանց ճիշտ գործածությունը…

Սովետ հասկանալու համար ընթերցում եմ Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդը» և մտքումս ունեի այն կանխավարկածը, որ շատ բաներ լավ չեմ պատկերացնի:

Առաջին էջից ներկայացվում է Սովետի ծայրահեղությունից ծայրահեղություն լինելը, որ առաջինը տիեզերք թռած երկիրը ջինս չէր արտադրում: Ինձ չզարմացրեց հեղինակի էս համեմատությունը. սովետական կառավարության նպատակը հենց տիեզերք ոտք դնելն էր, այլ ոչ թե  ջահելներին հրճվանք պատճառելը, Խորհրդային Միության մեջ չկար “pursuit of happiness” (վազք՝ երջանկության ետեւից) ասվածը: Սովետի ժամանակ չկար էսթետիկային նայող ղեկավար, եթե պետք էր Սառը պատերազմը հաղթել հերթական բնագավառում, ապա պետք էր հաղթել, որովհետև դա էր նրանց ցանկությունը, և դրանում էր կյանքի գեղեցկությունը սովետական ղեկավարի համար:

Սովետը ջինս չուներ, բայց սովետցին հո ջինս հագնում էր: Արտասահմանից «իսկական» ջինսը, Սովետի երկաթե վարագույրը անցնելուց հետո, դառնում էր պարծանքի ու լեգենդների առարկա: Ջինսը փողոցում աչք էր ծակում, արգելված  էր, ու թաքուն էին հագնում, որ “Lee” կամ “Levis”  գրվածը չերևար: Սովետի ժամանակ ինժեների  նվազագույն աշխատավարձը  120 ռուբլի էր, ջինսե տաբատի արժեքը սկսում էր 250 ռուբլուց: Ստացվում է՝ ջինսը ինչ-որ էլիտար բան էր Սովետի համար: Ու էս կետում էր, որ զգացի դեժավյու ու ծանոթ մի բան.  եթե մենք չենք արտադրում, ապա արգելենք, եթե մեկը ունի, ուրեմն դա էլիտար պիտակենք: Այս ենթադրյալ նմանությունը Ձեզ բոլորիդ կստիպի մտածել, որ ես քաղաքականության մասին եմ խոսում, և հենց այս ծայրահեղությունից ծայրահեղություն լինելու  արդիականությունն է, որ ջինս կրելու ու էլիտար բառի տակ տեսնում ենք քաղաքական ենթատեքստ: Բայց իրականում ինձ համար հետաքրքիրն այստեղ երևույթների միմյանց հաջորդելն ու հասարակության վրա ազդեցություն թողնելն է և այդ ազդեցության զարգացումը ուսումնասիրելը:

Տեղին կլինեն բոլորի այն մեղադրանքները, որ ես Սովետ չեմ տեսել կամ, որ կողմնակալ եմ ու «իմ Ջինսի սերունդից», բայց ես էլ ունեմ Հայոց Կառավարության կողմից ինձ տրված “Pursuit of Happiness”-ին հասնելու անձնական իրավունք: Ամենևին թող տպավորություն չստեղծվի, որ «նախահեղափոխական» հայաստանյան իրավիճակին հաշտված մեկն եմ, որպես ապացույց կարող եմ ցույց տալ ավագ դպրոցում գրված էսսեներս և իմ անձնական, դրական վերաբերմունքը անձի կամքը, կարծիքը ազատորեն ցանկացած  կերպով դրսևորելուն:

Սկսենք Սովետին նմանվելու դեժավյուի վիզուալ մակարդակից: Այո՛, ես Սովետ չեմ տեսել, միայն լսել եմ՝ Լենինին ինչպես են երկրպագել որպես լուսավոր հեղափոխության առաջնորդի, դասագրքերում գովաբանել, բանաստեղծություններ հորինել: Ես տեսել եմ Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ իսլամական հեղափոխության առաջնորդի ՝ Խոմեյինիի պատկերը ամեն փողոցի ու շենքի վրա պատկերված է: Ես տեսել եմ Հայաստանում հեղափոխություն և հետհեղափոխական շրջան, երբ հեղափոխական առաջնորդի պատկերը ամեն տեղ է: Սա բացարձակ քաղաքականություն չէ: Սոցիալական երևույթ, որ ամենևին երկրի առաջնորդին հարգելու, սիրելու նշան չէ. մի ընթացք է, երբ մարդկանց ու ամբոխի զգացմունքները խառնվել են: Մանրուք է, բայց սա երբեք իմ տեսած Հայաստանում չի եղել, որ փոխվեց:  Ստացվում է, որ բռնի հեղափոխության այս օրինակների և մեր թավշյա հեղափոխության մեջ հետևանքների ընդհանրություն կա:

Ամենևին պարտադիր չէ 15 հանրապետություն՝ Սովետ-դեժավյու ստեղծելու համար: Եկե՛ք պայմանականորեն  ցանկացած կառավարության գլխավոր նպատակները անվանենք «տիեզերք ոտք դնելու» նպատակներ, իսկ այդ նպատակներին հակասողները՝ «Էլիտար ջինսեր»:  Սովետի «տիեզերք ոտք դնելու» նպատակն էր հաղթել Ամերիկային այն ոլորտում, որում հնարավոր էր: «Էլիտար ջինսեր» էր այն ամենը, ինչն առնվազն էսթետիկորեն հաճելի էր ոչ պարտիական գաղափարներ կրողներին, իսկ պարտիականներին հիշեցնում էր կապիտալիստ երկրների նիստուկացը, կլիներ ծախսատար, եթե ուշադրություն դարձվեր գեղեցկությանը, և հետևաբար արգելվում էր:

Ներկայիս Հայոց կառավարության «տիեզերք ոտք դնելու» նպատակն է կազմակերպել արդար և լեգիտիմ ընտրություններ, բացառել կոռուպցիոն ռիսկերը: Սա հստակ է և ողջունելի: «Էլիտար ջինսեր» է համարվում այն ամենը, ինչն  առնվազն էսթետիկորեն ընդունելի էր նախկին կառավարության համար, իսկ ներկայիս կառավարությանը հիշեցնում է նախորդ կառավարության ծրագրերը, կլինի ծախսատար, եթե նաև ուշադրություն դարձվի գեղեցկությանը, և հետևաբար պետք է հրաժարվել: Սա այդքան էլ հստակ չէ:

Փաստացի ունենք Տիեզերք առաջինը ոտք դրած Սովետ, իսկ օբյեկտիվ իրականությունում չունենք Սովետ: Սովետը հասավ մինչև տիեզերք, որովհետև «տիեզերք ոտք դնելու» նպատակներիին հակասում էին  հենց «Էլիտար ջինսեր»-ը:  Սովետը փլուզվեց, որովհետև կային «Էլիտար ջինսեր» նպատակներ, որոնք ավելի մոտ էին կանգնած մարդուն, իր ցանկություններին և երազանքներին: Ոչ ոք Սովետը ավելի վատը չէր համարում՝ «Էլիտար ջինսեր»-ը արգելելու համար:

Ներկայիս ՀՀ կառավարության «Էլիտար ջինսեր» -ը դեռ հստակ չեն, և դա լավ է: Բայց պետք է հաշվի առնել, որ «Էլիտար ջինսեր»-ի առկայությունը ուղղակի կամ անուղղակի, այսօր, վաղը կամ 7 տարուց ունենալու են ազդեցություն «տիեզերք ոտք դնելու» ազնիվ նպատակների կատարման վրա: Եվ այստեղ թերանալու դեպքում աշխարհը լիարժեք քննադատելու իրավունք կունենա, սա երևալու է ռեյտինգներով, ազդելու է մարդկային ներուժի օգտագործման վրա, խոչընդոտելու է երկրի զարգացմանը:

Սովետը հասավ «տիեզերք ոտք դնելու» նպատակին, բայց այսօր չեն քննադատում  հենց  «ջինսի սերունդին»:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները