Սոթքում ինքնասպանության փորձ կատարած կնոջ 1.5 տարեկան երեխայի առողջական վիճակը բավարար է

Երեխան մայրական խնամքի կարիք ունի, ծնողները նրանց միայնակ են թողնում եւ գնում իրենց գործերով:
patahar-hivandanoc-shtap

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այս տարվա դեկտեմբերի 21-ին ինքնասպանության փորձ կատարած Արծվիկ Գեւորգյանի անչափահաս երեխայի առողջական վիճակը բավարար է, այլ ոչ թե ծայրահեղ ծանր կամ մահամերձ վիճակում, ինչպես երեկ ներկայացված էր որոշ լրատվամիջոցներում: Ինչպես տեղեկացրեց Սոթք գյուղի բուժքույր Ալվինա Շիրինյանը, ինքնասպանության փորձ կատարած կնոջ 1,5 տարեկան երեխան այս պահին սովորական հարբուխ է տանում, թոքաբորբի նախանշաններ չկան, առավել եւս՝ մահամերձության աստիճանի վիճակ:

«Այսօր առավոտյան անձամբ տնային այց եմ կատարել, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Մինչ այդ նրա ծնողների կողմից հատուկ կանչ չեմ ունեցել, այցը կատարել եմ համացանցում հրատարակած նյութի հիման վրա: Այդ երեխան ծնված օրից առողջական խնդիր է ունեցել, նրա թոքերում պտղաջրեր են հավաքված եղել, բուժման համար նա ուղեգրվել է Վարդենիսի հիվանդանոց, մայրաքաղաք, անհրաժեշտ բուժում ստացել, մեր կողմից էլ ստացել է բոլոր պրոֆիլակտիկ պատվաստումները: Այժմ նրա առողջական վիճակը բավարար է, սովորական հարբուխ է տանում, ինչպես որ գյուղի երեխաների որոշ մասը: Ավելի շատ այդ երեխան մայրական խնամքի կարիք ունի, քանի որ, ինչպես վկայում են նաեւ հարեւանները, օրվա ընթացքում երկու անչափահաս երեխաների ծնողները նրանց միայնակ են թողնում եւ գնում իրենց գործերով:Իրոք, նրանց տանը, որտեղ վարձով ապրում են, ջեռուցելու խնդիր կա, սակայն դժվար է հասկանալ, թե ինչու իրենք տունը վառելիքով չեն ապահովել, այն դեպքում, երբ ամսական 30 հազար դրամի չափով ընտանեկան նպաստ ստանում են, գումար վաստակում  են նաեւ անասնապահության մեջ աշխատելիս: Ամեն դեպքում, մեր կողմից ամենօրյա տնային այցեր կկազմակերպվեն, որպեսզի հիվանդ երեխայի վիճակը լիովին բարելավվի»,- ներկայացրեց  բուժքույրը:

Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանն էլ իր հերթին հավաստեց, որ գյուղապետարանն օգնություն է նախապատրաստում Արտյոմ Օսիպյանի եւ Արծվիկ Գեւորգյանի ընտանիքին՝ վառելիք ձեռք բերելու նպատակով:

«Ինքնասպանության փորձ կատարածի ընտանիքին Ամանորի նախաշեմին հատկացնելու ենք դրամական օգնություն: Անձամբ հետեւելու ենք, որպեսզի այդ գումարը, 50 հազար դրամի չափով ծառայեցվի վառելիք ձեռք բերելու նպատակին: Եթե ընտանիքի հայրը ցանկություն հայտնի աշխատել, ես կարող եմ միջնորդել զորամասի հրամանատարությանը, որ նրան համապատասխան աշխատանք առաջարկեն: Ամուսինները առողջ են, աշխատունակ, այլ հարց է, սակայն աշխատասիրության ձգտումը, բավարար եկամուտների ապահովումն ու ճիշտ ծախսումը: Տունը, որտեղ նրանք ապրում են, նաեւ անասնագոմ ունի, տնամերձ հողամաս, որոնք ապրուստի միջոց են, սակայն ամուսինները չեն ձգտում օգտագործել այդ հնարավորությունները: Հարեւանները եւս հաստատում են, որ ամուսիններն օրվա մեծ մասը տանը մենակ են թողնում անչափահաս երեխաներին: Մենք հարկ ենք համարում մեր ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքը, առավելապես՝ անչափահաս երեխաներին»-ներկայացրեց Սոթքի գյուղապետը:

*

*