Հայաստանում սոցիալական աշխատողի մասնագիտությունը դեռ կայացման փուլում է

Եվրոպայում ու Ամերիկայում սոցիալական աշխատողի մասնագիտությունը կարեւոր է գրեթե նույնքան, որքան ուսուցչինը կամ բժշկինը:

Եվրոպայում ու Ամերիկայում սոցիալական աշխատողի մասնագիտությունը կարեւոր է գրեթե նույնքան, որքան ուսուցչինը կամ բժշկինը: Սոցիալական աշխատանքին Հայաստանում ծանոթացան Սպիտակի երկրաշարժից ու Արցախյան պատերազմից հետո: 25 տարի անց մեր երկրում շատերը դեռ հստակ չեն պատկերցնում՝ որն է սոցիալական աշխատողի գործառույթը:

«Օգնում ես անձին լուծել իր առջեւ ծառացած սոցիալական խնդիրները գոյություն ունեցող ռեսուրսների պայմաններում կամ ստեղծում ես լրացուցիչ ռեսուրսներ: Սոցիալական խնդրի լուծման համար անձը պետք է գա այն գիտակցությանը, որ այդ խնդրի լուծումը եւս պահանջում է մասնագիտական աշխատանք»,- ասում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը։

Սոցիալական բառը շատերին շփոթության մեջ է գցում. կարծում են, թե խոսքը նյութական աջակցության մասին է: Այնինչ սոցիալական աշխատողը փորձում է գնահատել ընտանիքի կամ անձի սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջական, կրթական, նյութական եւ այլ կարիքները, օգնել գտնել դրանց լուծումները:

Խաչիկը հիշում է՝ 4 տարի առաջ, երբ սոցիալական աշխատողը փորձեց հետաքրքրվել իր ընտանիքի խնդիրներով, սկզբում դժվարանում էին նրան վստահել: Հետո բարեկամացան: Մասնագետը ընտանիքի բոլոր անդամների հետ առանձին է աշխատել: Խաչիկն ասում է, որ պատանեկան խնդիրներն ու անհանգստությունները հաճախ անգամ հարազատներին չէր պատմում, բայց սոցաշխատողի հետ կիսվում էր: Մտերմությունը շարունակում են նաեւ հիմա, երբ խնդիրներն արդեն անցյալում են:

«Նրա դերն իմ կյանքում շատ մեծ է եղել: Ինձ ընդգրկել են այնպիսի խմբակների, միջոցառումների մեջ, որոնք ինձ հետագայում շատ են օգնել: Առավել եւս, որ ես խոցելի տարիքային խմբում էի, դրսից եկած ինչ-որ խմբեր ինձ կարող էին ինտեգրել, բայց սոցիալական աշխատողն ինձ զերծ էր պահում այդ ամենից ու փորձում էր ավելի ճիշտ ուղղու վրա դնել, հատկապես՝ մասնագիտական ճիշտ ընտրության հարցում»,- ասաց Խաչիկ Միքայելյանը։

Սոցիալական աշխատանքը մեր երկրում դեռ երիտասարդ մասնագիտություն է: Սկզբում դրանով զբաղվում էին տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, որոնք այս ոլորտում որոշակի հմտություններ էին ձեռք բերել: Երեւանի պետական համալսարանում այս մասնագիտությամբ առաջին ընդունելությունը եղել է 1996 թվականին: 2004-ին արդեն ձեւավորվել է Սոցիալական աշխատանքի եւ տեխնոլոգիայի ամբիոնը: Վարիչ Արտակ Խաչատրյանն ասում է՝ առաջին տարում դիմորդները 19-ն էին, այսօր առաջին կուրսը 120 ուսանող ունի:

Արմինե Հովհաննիսյանը Լեզվաբանական համալսարանում սովորելու տարիներին հասարակական կազմակերպություններց մեկում որպես կամավոր անգլերեն էր դասավանդում սոցիալական տարբեր հիմնախնդիրներ ունեցող երեխաներին: Հետո սկսեց աշխատել որպես սոցիալական մանկավարժ, մինչեւ համոզվեց՝ սա է իր իրական կոչումը: 2 տարի է՝ արդեն սոցիալական աշխատողի դիպլոմ ունի: Հիմա աշխատում է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունում, զբաղվում է ընտանեկան բռնության խնդրով: Ասում է՝ տարիքն ու կյանքի փորձի պակասը խոչընդոտ չեն, կարեւորը մասնագիտական հմտություններն են:

 

Խորհրդային տարիներին սոցիալական խնդիրները թաքցնելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե դրանք չկան: Այսօր հասարակությունն ավելի բաց է, բայց անգամ մասնագետներին հաճախ շատ դժվար է մտնել ընտանիք, փորձել հասկանալ նրա խնդիրները:

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը 170 սոցաշխատող ունի Հայաստանի 250 համայնքներում: 2400 շահառու ունեն, որոնց հետ աշխատում են մինչեւ խնդիրները վերջնական լուծում ստանան: Այդ աշխատանքը պայմանավորված է նաեւ ազգային մտածելակերպի առանձնահատկություններով: Օրինակ՝ անցյալ տարի 9000 ընտանիքի շրջանում սոցհարցում են անցկացրել ու պարզել, որ ծնողների 70 տոկոսը երեխաներին ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն է ենթարկում:

Ոլորտի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ մի կողմից սոցիալական աշխատողի դերի բարձրացումը, մյուս կողմից՝ սոցաշխատողների մասնագիտական հմտությունների զարգացումը:

*

*