«System of A Down» խմբի տղաները բարեգործական ընթրիքի համար թանկարժեք իրեր են նվիրաբերել

Հանգանակվել է երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար
shavo

Հոկտեմբեին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցավ «Օրրանի» ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքը: Միջոցառմանը մասնակցելու էին եկել հայտնի արվեստագետներ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, որոնք համախմբվել էին «Օրրանի» շուրջ՝ օգնելու Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:

Ընթրիքի արդյունքում հնարավոր եղավ հանգանակել երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար, որը կօգնի «Օրրանին»՝ շարունակել տրամադրել սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական համալիր ծառայություններ իր երևանյան և վանաձորյան կենտրոններ հաճախող 300 կարիքավոր երեխաների և 100 միայնակ տարեցների:

«System of A Down» խմբի անդամները աճուրդ-վաճառքի համար նվիրաբերել էին թանկարժեք առարկաներ: Շավո Օդադջյանի նվիրաբերած արծաթե վզնոցը հնարավոր եղավ վաճառել երկու հազար դոլարով: Ջոն Դոլմայանի նվիրաբերված ափսեն, որը նկարազարդվել էր վերջինիս կողմից, վաճառվեց տասնվեց հազար հինգ հարյուր դոլարով: Սերժ Թանկյանը աճուրդի համար նվիրաբերել էր իր էլեկտրական կիթառը, որով նա հանդես էր եկել խմբի վերջին համաշխարհային շրջագայության ընթացքում, և այն հնարավոր եղավ վաճառել տասնյոթ հազար դոլարով: Հիշեցնենք, որ նախորդ տարի նույնպես Սերժը Օրրանին էր նվիրաբերել իր կիթառը, որով նա 2015թ.-ին նվագել էր Հանրապետության հրապարակում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.-ին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությամբ:

*

*