«Սիրիահայերը կարող են մեծ օգուտ բերել Հայաստանին». ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Սիրիահայերի ինտեգրման գործընթացում, սակայն, կան խնդիրներ։
mak-birfirt

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը Հայաստանի կառավարության գործողությունները սիրիահայերի աջակցության ուղղությամբ բարձր է գնահատում: Հայաստանի գործատուների հանրապետական միության հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ  իր ելույթում Քրիստոֆ Բիրվիրթը հատկապես կարևորեց կառավարության կողմից սիրիահայերին բնակարաններով ապահովելը և բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների ստեղծումը:

«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որը շատ ըմբռնումով է ընդունել Սիրիայից եկած սիրիահայերին: Հայաստանը նրանց տվել է քաղաքացիություն, բնակարաններ, բիզնես ստեղծելու համար բարենպաստ պայմաններ: Սա շատ դրական է: Սիրիահայերի մեծամասնությունն ունի բարձրագույն  կրթություն, տիրապետում են արհեստների, նախկինում եղել են գործարարներ, ուստի նրանք կարող են մեծ օգուտ բերել Հայաստանին», -ասաց Բիրվիրթը:

Նրա խոսքով` սիրիահայերի ինտեգրման գործընթացում կան խնդիրներ, որոնք հիմնականում բխում են Սիրիայի և Հայաստանի բիզնես միջավայրի, հարկային համակարգերի տարբերությունից:

Սփյուռքի նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում ապրում է շուրջ 22 հազար սիրիահայ:

*

*