Սիրիահայ երիտասարդ. «Կգնամ, բայց չեմ մնա»

Առաջին անգամ Հայաստան է եկել 2004 թ.-ին, երբ դեռ 9-ը տարեկան էր:
siriahay

Տարիներ են անցնում սիրիական պատերազմից, սակայն ժամանակի հետ հակամարտության ուժգնությունը չի թուլանում՝ մարելով վերադառնալու վերջին հույսը: Վահե Սալահյանը, ով ծնվել, մեծացել է Հալեպում և այժմ ապրում է Երևանում, մեծ փափագ ունի մեկ անգամ ևս տեսնել իր ծննդավայրը:

«Հատկապես Հալեպն իմ հիշողություններում պահպանվել է որպես բարգավաճող, պատմական եւ զարմանահրաշ քաղաք, ուստի առաջիկա տարիներին հազիվ թե ցանկանամ պղտորել այդ գեղեցիկ հիշողություններս: Կսպասեմ, մինչեւ ամեն ինչ նախկինի պես լինի, ինչին դժվարությամբ եմ հավատում: Կգնամ, բայց չեմ մնա»: 

Երեւանում ապրում է արդեն 7 տարի:

Առաջին անգամ Հայաստան է եկել 2004թ.-ին, երբ դեռ 9-ը տարեկան էր: Չէր էլ կարող պատկերացնել, որ մի քանի տարի անց վերադառնալու է՝ արդեն մշտական բնակության նպատակով:

 

«Ծնվելով անապատային քաղաքում՝ ակնկալում էի, որ Հայաստանում անհավանական շատ ծառեր եւ բուսականություն կտեսնեմ: Դրա փոխարեն տեսա եղած կանաչության անհավանական բազմազանություն»:

Ծննդավայրի կարոտը մեղմացրել է այն սերն ու ջերմությունը, որ հենց առաջին օրերից գտել է Հայաստանում: Շատ է զարմացել՝ առաջին անգամ տեսնելով, թե ինչպես են փողոցում բոլորն ակնթարթորեն հավաքվել և օգնել վատառողջ անծանոթին:

«Ուրիշ ոչ մի երկրում այդպիսի երևույթի չէի հանդիպել. բոլորը սրտացավ են բոլորի նկատմամբ: Այդ պահին ամեն մեկն իր ունեցածով կիսվում էր՝ կոնֆետ, շոկոլադ, ջուր…»։

Զարմացել է նաև մեր ճաշատեսակների մեջ շատ սոխ օգտագործելու, տղամարդկանց եւ կանանց ծխելու տենդագին սովորություններից,  հանրախանութներում եւ սուպերմարկետներում կամ առհասարակ այնտեղ, որտեղ մարդկանց հերթ է, ուղղաձիգի փոխարեն շրջանաձեւ հերթերից և առաջ անցնելու «շտապողականությունից»:  Նաև նրանից, որ Հայաստանում բավականին ցայտուն են դրսեւորվում տարվա եղանակային հերթափոխերը: 

«Տպավորված էի նաև «Ցավդ տանեմ» կամ «մեռնեմ ջանիդ» դիմելաձևերով, որոնց արեւմտահայերեն համարժեքները՝ «հոգիս», «հոգիդ սիրէմ», բնորոշ են Սիրիայի փոքրիկ «Հայաստանին»: 

Հասկացել է, որ մեր երկիրն անփոխարինելի է՝ հատկապես քաղցրահամ ջրի հսկայական պաշարներով:

«Գրեթե ամեն քայլափոխի կհանդիպես ցայտաղբյուրների կամ թաքնված անուշահամ աղբյուրների»:

Հայության եւ հատկապես երիտասարդության ներկապնակն էլ, ըստ նրա, խիստ գունավոր է՝ անհավանական էնտուզիազմ ունեցողներից սկսած, վերջացրած ծուլության սիրահար փնթփնթաններով:

«Կարեւորում  եմ անկախության սերնդի երիտասարդությանը, ովքեր հայրենասեր են, աշխատասեր, ձգտող, նորարար, համարձակ: Դու ես ստեղծում քո հնարավորությունը: Երկրի կառավարությունն էլ իր հերթին է ձեռնարկում հնարավորը՝ պայմաններն ավելի գրավիչ դարձնելու համար»:

Վահե Սալահյանը Հայաստան եկած բազմաթիվ երիտասարդներից մեկն է, ով մի քանի տարիների ընթացքում հասցրել է կապվել մայր հողին, իր ներսում ձևավորել ապագան միայն մեր երկրում տեսնելու, պատկերացնելու համոզումը:

Շատ բաներից է զարմացել, հուզվել, շատ բաներ համեմատել, այնուհետև հասկացել է, որ այն  տարածքի ուժն ու առանձնահատկությունը, որտեղ հայը, հայկականությունը միահյուսվում և ամրանում են պետությամբ, ուրիշ ոչ մի տեղ գտնել հնարավոր չէ:

 

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*