«Սիգարոն» ընկերությունը պարզաբանում է

Իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի առանձնատան բակում...
sigaron

«Սիգարոն» ընկերությունը հայտարարություն է տարածել, որ երեկ ուշ երեկոյան բազմաթիվ ԶԼՄ-ներով տեղեկություն է տարածվել, ըստ որի «ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին»:

«Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների. նախ՝«Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ «Սիգարոն»-ի սեփականատիրոջը ուղեկցող թիկնազոր» պարզապես գոյություն չունի, և երրորդ՝ իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի Բագրեւանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը մեղմ ասած ամենահարմար վայրը չէ նման գործողությունների համար:

Բերման ենթարկված անձինք, շատ կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, որը նրանց օրենքի և օրինականության հետ որևէ խնդիր չունենալու ցայտուն վկայությունն է:

Ըմբռնումով մոտենալով երկրի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից օրինականության ամրապնդմանն ուղված քայլերին, այդուհանդերձ հորդորում ենք հայրենի իրավապահ մարմիններին նմանօրինակ գործողություններ իրականացնելիս տեղի և ժամի ընտրության հարցում լինել առավել ճկուն և քաղաքակիրթ՝չվնասելու երկրի արտադրող-արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի սեփականատիրոջ և ինչու ոչ՝ նաև Հայաստան պետության գործարար համբավը»,-ասված է հաղորդագրության մեջ:

*

*