Այսօր մայիսի 9-ն է՝ Շուշիի ազատագրման օրը

Մայիսի 9-ը հայերիս համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման օրերեը եւ վերջապես Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակը:
shushi-azatagrum-or-mayisi-9

Մայիսի 9-ը հայերիս համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման, Արցախի բանակի ստեղծման օրերեը եւ վերջապես Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակը, որին տարբեր ճակատներում հայության մասնակցությունը հնարավոր չէ թերագնահատել։

Հարյուրավոր հերոսներ, հարյուր հազարավոր զոհեր: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում եւ նախանշեց հետագա հաղթանակների ուղին, ինչպես դա եղել էր Ստալինգրադի ժամանակ: 1992-ի փետրվարից սկսած` Ստեփանակերտի եւ հարակից բնակավայրերի դրությունն անտանելի էր: Ստեղծվել էր կիսաօղակ, որը Ստեփանակերտը պահում էր մշտական գնդակոծության տակ: Ստեփանակերտը գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, բացակայում էին տարրական կենցաղային պայմանները, չկար ոչ հաց, ոչ ջուր:

24 տարի առաջ 1992-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտին հասցրին «Հարսանիք լեռներում» օպերացիան: Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը մտնում է Շուշի: Մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում է հայոց հաղթական եռագույնը: Դա նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է, որը հնարավորություն տվեց տարիներ շարունակ մեծ հպարտությամբ թերթել ու հիշել հայ ազգի ու հայոց պետության այդ դժվարին, բայց լուսավոր ու հաղթական պահերը:

Շնորհավորում ենք բոլորին՝ ազատամարտիկին ու հրամանատարին, նահատակի ընտանիքին ու զավակներին, այսօր Հարյենիքի սահման պահող զինվորին ու գեներալին, նորից առաջնագիծ մեկնած կամավորին, պատերազմական վերջին գործողություններում զավակ կորցրած ծնողներին այդ հաղթանակների առիթով ու փառք տալիս բոլոր նահատակներին, որոնց շնորհիվ մենք ապրում ենք ազատ ու խաղաղ։

*

*