Հայրենիքի ազատագրումն ու օտար ժապավենների շքերթը

Ի՞նչ կապ ունի հայկական ազատամարտը գեորգեւյան ժապավենի հետ:
georgevyan-shqert

Մայիսյան տոներն ավարտվեցին, բայց քննարկումներն ու հարցադրումները մնում են օդում կախված:

Բոլորը խոսեցին ազատամարտի, Շուշվա ազատարարների, նահատակների մասին։ Տարատեսակ միջոցառումներ, երթեր, հավաքներ։ Սակայն հերթական անգամ կրկնվեց նույնը, որը մեր պաշտոնյաների անտարբերության կամ նրանց օժանդակության շնորհիվ  այլեւս դառնում է սովորական, առօրյա։ Հետո ուշ է լինելու փոքրիկներին բացատրել, պատմել ու համոզել, թե բալիկս՝ Շուշվա բարձունք ելնող հերոս Ասկոլկայի, մյուս մեր քաջ տղաների համազգեստի վրա ոչ թե երկգույնանի տարբերանշան էր, այլ ճերմակ խաչ։ Քանզի մեքենաների վրա, տարբեր պաշտոնյաների կրծքին սկսում է փողփողալ ցարական տարբերանշան գեորգեւյան ժապավենը։

Կայսերական հակումներով Ռուսաստանում դա հասկանալի է։ Մենք էլ ունենայինք, նույնը կանեինք։ Բայց ի՞նչ կապ ունի հայկական ազատամարտն այդ ամենի հետ։ Դեռ ավելին՝ Երեւանում ինչու երթ անել այդ տարբերանշաններով։ Ռուսական դեսպանատան ու այլ շրջանակների նախաձեռնությամբ կազմակերպված երթին, հասկանալի է կրել Երկրորդ աշխարհամարտին մասնակից պապիկների ու տատիկների լուսանկարները, դեռ, ոչինչ՝ հասկանալ կարելի է, որ նրանց նկարները գեորգեեւյան ժապավենով էին։ Բայց մեր նորագույն ազատամարտի հերոսները, ապրիլյան նահատակները, խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանցիների կազմակերպած «Կոլցո» գործողությանը դեմ հանդիման կանգնած նահատակներ՝ Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիկգյոզյանը, Վալերին,  Զարզանդը, Արթուր Կարապետյանը եւս ռուսական գեորգեւյան ժապավեններով ու հնգաստղ շքանշանո՞վ։ Բազմամիլիարդ ռուսական սպառազինությամբ չափերն անցած Ադրբեջանի ագրեսիայի դեմ կենաց -մահու կռիվ տված ապրիլյան հերոսները ռուսական ժապավենո՞վ։ Զարմանում ես՝ ինչ կարելի է ծխած լինել նման բան անելու համար։ Կամ էլ, մտածում ես՝ հասարակական կազմակերպություն է, նյութականի կարիք ունի։ Գնացել է «զոհողության»՝ ազգային ինքնության, ավանդույթների, սեփական պատմության։ Դե հիմա տարբերությունը ո՞րն է՝ գումարի դիմաց երթ անելու։ Փողը ռուսական է թե՞ արեւմտյան։ Վերջիններս էլ շատ հաճախ բազմագույն ժապավեններով երթի համար են վճարում։

Հեղինակ՝

Գեղամ Մանուկյան

*

*