ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը yerkirmedia.am կայքի հետ զրույցում ընթերցողներին փոխանցեց ամանորյա իր մաղթանքներն ու ցանկությունները:
«Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը: Ինձ համար առաջնայինը խաղաղությունն է սահմանին և մեր զինվորների ուժեղ, արժանապատիվ, կամային ծառայությունը: Ուզում եմ մեր երկիրը խաղաղ լինի, տնտեսական ոլորտում աճ գրանցենք, աշխատատեղեր բացվեն: Քարից հաց քամող հայ ժողովրդի համբավը վերադառնա, չամաչեն աշխատելուց, ինչ էլ որ լինի»:
Ըստ Շուշան Պետրոսյանի՝ ամենաուժեղ զենքը սիրել կարողանալն է. «Սիրելով կարելի է հաղթել, վրեժ լուծել, սիրելով՝ ներել: Եվ ամենակարևորը, երբեք պետք չէ չարանալ, եթե ինչ-որ բան չի ստացվում. չարանալը միայն թույլերին է բնորոշ»:
Շուշան Պետրոսյանի ամանորյա ամենակարևոր ցանկություններից մեկն է, որ մեր երգերը մաքրվեն օտար ելևէջներից, հատկապես՝ թուրքականից: